ԱՄՈՎՍ 6

6
Իսրայելի կործանումը
1«Վա՜յ նրանց, ովքեր Սիոնի վրա են դրել իրենց հանգստությունը, և նրանց, ովքեր Սամարիայի լեռան վրա են ցրել իրենց ապահովությունը, ազգերի գլխավորի երևելիներին, որոնց մոտ գալիս է Իսրայելի տունը։ 2Անցե՛ք Քաղանե և տեսե՛ք, այնտեղից գնացե՛ք մեծ Եմաթ և իջե՛ք փղշտացիների Գեթ. մի՞թե նրանք ավելի լավն են այս թագավորություններից, կամ նրանց սահմանը ձեր սահմանից մե՞ծ է։ 3Դուք, որ չար օրը հեռացնում եք և մոտեցնում բռնության աթոռը, 4որ պառկում եք փղոսկրյա անկողինների վրա և մեկնվում ձեր մահիճների վրա և հոտերից ուտում գառնուկներն ու գոմերից՝ հորթերը, 5որ հնարում են անտաղանդ երգեր՝ կարծելով, թե Դավթի նման են հնարում։ 6Որ գինին թասերով եք խմում ու լավագույն յուղով օծվում ու չեք կսկծում Հովսեփի ավերման համար։ 7Ուստի հիմա առաջինը գերի պիտի գնաք, և պիտի դադարի ձեր խրախճանքների ուրախության ձայնը»։
8«Տեր Աստված երդվել է իր անձով,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- ես նողկում եմ Հակոբի գոռոզությունից և ատում եմ նրա ամրոցները. և թշնամուն պիտի մատնեմ քաղաքն ու իր լիությունը։ 9Եվ եթե այնպես լինի, որ մեկ տան մեջ տասը մարդ մնալու լինեն, նրանք պիտի մեռնեն։ 10Եվ երբ իր հորեղբայրը կամ նրա այրողը նրան վերցնի, որ ոսկորները դուրս տանի տնից, տան խորքում եղողին պիտի հարցնի. “Ուրիշը կա՞ մոտդ”, նա պիտի ասի՝ ո՛չ։ Նա էլ պիտի ասի. “Լռի՛ր, որովհետև Տիրոջ անունը չպիտի հիշենք”։ 11Որովհետև Տերն ահա հրամայում է, և մեծ տանը պիտի հարվածի և բեկորների վերածի ու փոքր տունը կործանելով՝ փշուրների։
12Մի՞թե ձիերն ապառաժի վրա կվազեն, կամ թե նա եզներով կհերկվի՞։ Դուք իրավունքը թույնի եք փոխել և արդարության պտուղը՝ օշինդրի։ 13Դուք, որ Լո-Դաբարով#6.13 Այսինքն՝ Դեբարի սահմանը։ ուրախանում եք, որ ասում եք. “Ահա մեր ուժով մեզ համար Քարնայիմն#6.13 Մի շրջանի անունն է, որ նշանակում է եղջյուրներ։ առանք”, 14ուստի, ո՛վ Իսրայելի տուն, ահա ես ձեր դեմ մի ազգ եմ հանում,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչև Արաբահի հեղեղատը»։

Արդեն Ընտրված.

ԱՄՈՎՍ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք