ԱՄՈՎՍ 1:3-15

ԱՄՈՎՍ 1:3-15 ՆՎԱԱ

Տերն այսպես է ասում. «Դամասկոսի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք երկաթե կռաններով կալսեցին Գաղաադին։ Այլ կրակ պիտի գցեմ Ազայելի տան վրա, որ լափի Բենադադի պալատները։ Եվ պիտի կոտրեմ Դամասկոսի դռների նիգը և բնակչին պիտի բնաջնջեմ Ավենի հովտից և իշխանական ցուպը բռնողին՝ Բեթ-Եդեմից, և արամեացի ժողովուրդը գերի պիտի գնա Կիր»,- ասում է Տերը։ Տերն այսպես է ասում. «Գազայի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մի ամբողջ ժողովուրդ աքսորեցին, որ հանձնեն Եդովմին։ Այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները։ Եվ Ազովտոսից պիտի բնաջնջեմ բնակչին, իշխանական ցուպ բռնողին՝ Ասկալոնից և իմ ձեռքը Ակկարոնի վրա պիտի դարձնեմ, և փղշտացիների մնացորդը պիտի կորչի»,- ասում է Տեր Աստված։ Տերն այսպես է ասում. «Տյուրոսի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք աքսորյալներին զանգվածաբար հանձնեցին Եդովմին և չհիշեցին եղբայրական ուխտը։ Այլ ես կրակ պիտի գցեմ Տյուրոսի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները»։ Տերն այսպես է ասում. «Եդովմի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը և շարունակեց անողոք լինել և իր բարկությունը միշտ բորբոքեց և իր ցասումը հավիտյան պահեց։ Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի վրա՝ լափելու Բոսրայի պալատները»։ Տերն այսպես է ասում. «Ամմոնի որդիների երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանը։ Այլ ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները պատերազմի աղաղակով՝ խռովության օրը, փոթորկի օրը՝ մրրիկով։ Եվ նրանց թագավորը պիտի աքսորվի՝ թե՛ ինքը, թե՛ իր իշխանները միասին»,- ասում է Տերը։