Գործք Առաքելոց 9:26-43

Գործք Առաքելոց 9:26-43 ՆՎԱԱ

Երբ Սողոսը եկավ Երուսաղեմ, փորձում էր աշակերտներին հարել, սակայն բոլորը նրանից վախենում էին ու չէին հավատում, որ իսկապես աշակերտ է։ Բայց Բառնաբասը նրան տարավ առաքյալների մոտ ու պատմեց, թե ինչպե՛ս է նա ճանապարհին Տիրոջը տեսել ու նրա հետ խոսել և թե ինչպե՛ս է Դամասկոսում համարձակ քարոզել Հիսուսի անունով։ Սողոսը Երուսաղեմում նրանց հետ էր մտնում ու դուրս գալիս՝ համարձակ քարոզելով Հիսուսի անունով։ Նա խոսում և վիճաբանում էր հունախոսների հետ, իսկ նրանք նախաձեռնում էին նրան սպանել։ Սակայն եղբայրները, այդ իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։ Բայց եկեղեցին ամբողջ Հուդայում, Գալիլեայում և Սամարիայում խաղաղության մեջ էր. հիմնավորվելով և Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։ Եվ Պետրոսը, որ շրջում էր ամենուրեք, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք Լյուդդայում էին ապրում։ Այնտեղ գտավ Էնեան անունով մի մարդու, որն ութ տարի շարունակ պառկած էր մահճի մեջ։ Նա անդամալույծ էր։ Պետրոսը նրան ասաց. «Էնեա՛ն, Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և անկողինդ հարդարի՛ր»։ Նա իսկույն վեր կացավ։ Եվ նրան տեսան բոլորը, ովքեր ապրում էին Լյուդդայում և Սարովնայում, որոնք դեպի Տերը դարձան։ Հոպպեում Տաբիթա (որ «Այծեմնիկ» է թարգմանվում) անունով մի կին կար, որ աշակերտ էր. նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։ Պատահեց, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լվացին և վերնատանը դրեցին։ Քանի որ Լյուդդան Հոպպեին մոտ էր, ապա երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, նրա մոտ երկու մարդ ուղարկեցին՝ խնդրելով. «Մի՛ հապաղիր մեզ մոտ գալ»։ Պետրոսը ելավ ու նրանց հետ գնաց։ Երբ եկավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները նրա շուրջը հավաքվեցին. լալիս էին և ցույց տալիս այն շապիկներն ու զգեստները, որ Այծեմնիկն էր պատրաստում, երբ դեռ իրենց հետ էր։ Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի իջավ, աղոթեց և դեպի աճյունը դառնալով՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա աչքերը բացեց և Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Ամբողջ Հոպպեում դա հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։ Նա բավականաչափ օրեր մնաց Հոպպեում՝ ոմն կաշեգործ Սիմոնի մոտ։