Իսկ Սողոսը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով էր տակավին ներշնչված, եկավ քահանայապետի մոտ՝ նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհին գտնի Խոսքին հետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։ Ճանապարհին, երբ նա մոտենում էր Դամասկոսին, հանկարծ նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Գետնին ընկնելով՝ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Նա ասաց. «Ո՞վ ես, Տե՛ր»։ Ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Վե՛ր կաց, մտի՛ր քաղաք, և քեզ կասվի, թե դու ի՛նչ պետք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ պապանձված կանգնել էին. ձայնը լսում էին, սակայն ոչինչ չէին տեսնում։ Սողոսը գետնից վեր կացավ, բայց աչքերը բացելով՝ ոչինչ չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ Երեք օր չէր տեսնում. ո՛չ կերավ, ո՛չ էլ խմեց։
Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց. «Անա՛նիա»։ Նա ասաց. «Ահա այստեղ եմ, Տե՛ր»։ Եվ Տերը նրան ասաց. «Վեր կաց գնա՛ այն փողոցով, որ "Ուղիղ" է կոչվում, և Հուդայի տանը փնտրի՛ր Սողոս անունով մի տարսոնացու. նա այնտեղ աղոթում է»։
Սողոսն էլ տեսիլքի մեջ Անանիա անունով մի մարդու տեսավ, որ մտավ և ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսողությունը վերստանա։
Անանիան պատասխանեց. «Տե՛ր, ես շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սրբերին Երուսաղեմում։ Եվ նա այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր քո անվանն են կոչ անում»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ հեթանոս ազգերի և թագավորների, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։ Ես նրան ցույց կտամ, թե որքա՛ն պետք է չարչարվի իմ անվան համար»։ Անանիան գնաց, այն տունը մտավ, ձեռքը դրեց նրա վրա և ասաց. «Սավո՛ւղ եղբայր, Տե՛րն ինձ ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհին երևաց, որպեսզի տեսողությունդ վերստանաս և Սուրբ Հոգով լցվես»։ Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին։ Նա վերստին տեսավ և ոտքի ելավ մկրտվելու։ Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ։
Սողոսը մի քանի օր Դամասկոսում գտնվող աշակերտների հետ անցկացրեց։
Նա անմիջապես ժողովարաններում քարոզեց Հիսուսին, որ նա է Աստծու Որդին։ Բոլորը, ովքեր լսում էին, զարմանում էին և ասում. «Սա չէ՞ր, որ հալածում էր Երուսաղեմում դրա անվանը կոչ անողներին, և այստեղ էլ նրա համար է եկել, որ սրանց ձերբակալելով՝ քահանայապետների մոտ տանի»։ Բայց Սողոսն է՛լ ավելի էր զորանում և շփոթեցնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ ապացուցելով, որ սա է Քրիստոսը։
Բազում օրեր անց հրեաները որոշեցին նրան սպանել։ Բայց Սողոսին հայտնի դարձավ նրանց դավադրությունը։ Նրանք գիշերուզօր քաղաքի դռների մոտ էին, որպեսզի նրան սպանեին։ Աշակերտները գիշերով նրան վերցրին ու պարսպից կախելով՝ զամբյուղով ցած իջեցրին։
Երբ Սողոսը եկավ Երուսաղեմ, փորձում էր աշակերտներին հարել, սակայն բոլորը նրանից վախենում էին ու չէին հավատում, որ իսկապես աշակերտ է։ Բայց Բառնաբասը նրան տարավ առաքյալների մոտ ու պատմեց, թե ինչպե՛ս է նա ճանապարհին Տիրոջը տեսել ու նրա հետ խոսել և թե ինչպե՛ս է Դամասկոսում համարձակ քարոզել Հիսուսի անունով։ Սողոսը Երուսաղեմում նրանց հետ էր մտնում ու դուրս գալիս՝ համարձակ քարոզելով Հիսուսի անունով։ Նա խոսում և վիճաբանում էր հունախոսների հետ, իսկ նրանք նախաձեռնում էին նրան սպանել։ Սակայն եղբայրները, այդ իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։
Բայց եկեղեցին ամբողջ Հուդայում, Գալիլեայում և Սամարիայում խաղաղության մեջ էր. հիմնավորվելով և Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
Եվ Պետրոսը, որ շրջում էր ամենուրեք, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք Լյուդդայում էին ապրում։ Այնտեղ գտավ Էնեան անունով մի մարդու, որն ութ տարի շարունակ պառկած էր մահճի մեջ։ Նա անդամալույծ էր։ Պետրոսը նրան ասաց. «Էնեա՛ն, Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և անկողինդ հարդարի՛ր»։ Նա իսկույն վեր կացավ։ Եվ նրան տեսան բոլորը, ովքեր ապրում էին Լյուդդայում և Սարովնայում, որոնք դեպի Տերը դարձան։
Հոպպեում Տաբիթա (որ «Այծեմնիկ» է թարգմանվում) անունով մի կին կար, որ աշակերտ էր. նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։ Պատահեց, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լվացին և վերնատանը դրեցին։ Քանի որ Լյուդդան Հոպպեին մոտ էր, ապա երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, նրա մոտ երկու մարդ ուղարկեցին՝ խնդրելով. «Մի՛ հապաղիր մեզ մոտ գալ»։ Պետրոսը ելավ ու նրանց հետ գնաց։ Երբ եկավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները նրա շուրջը հավաքվեցին. լալիս էին և ցույց տալիս այն շապիկներն ու զգեստները, որ Այծեմնիկն էր պատրաստում, երբ դեռ իրենց հետ էր։ Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի իջավ, աղոթեց և դեպի աճյունը դառնալով՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա աչքերը բացեց և Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Ամբողջ Հոպպեում դա հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։ Նա բավականաչափ օրեր մնաց Հոպպեում՝ ոմն կաշեգործ Սիմոնի մոտ։