Իսկ Սողոսը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով էր տակավին ներշնչված, եկավ քահանայապետի մոտ՝ նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհին գտնի Խոսքին հետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։ Ճանապարհին, երբ նա մոտենում էր Դամասկոսին, հանկարծ նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Գետնին ընկնելով՝ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Նա ասաց. «Ո՞վ ես, Տե՛ր»։ Ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Վե՛ր կաց, մտի՛ր քաղաք, և քեզ կասվի, թե դու ի՛նչ պետք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ պապանձված կանգնել էին. ձայնը լսում էին, սակայն ոչինչ չէին տեսնում։ Սողոսը գետնից վեր կացավ, բայց աչքերը բացելով՝ ոչինչ չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ Երեք օր չէր տեսնում. ո՛չ կերավ, ո՛չ էլ խմեց։
Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց. «Անա՛նիա»։ Նա ասաց. «Ահա այստեղ եմ, Տե՛ր»։ Եվ Տերը նրան ասաց. «Վեր կաց գնա՛ այն փողոցով, որ "Ուղիղ" է կոչվում, և Հուդայի տանը փնտրի՛ր Սողոս անունով մի տարսոնացու. նա այնտեղ աղոթում է»։
Սողոսն էլ տեսիլքի մեջ Անանիա անունով մի մարդու տեսավ, որ մտավ և ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսողությունը վերստանա։
Անանիան պատասխանեց. «Տե՛ր, ես շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սրբերին Երուսաղեմում։ Եվ նա այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր քո անվանն են կոչ անում»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ հեթանոս ազգերի և թագավորների, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։ Ես նրան ցույց կտամ, թե որքա՛ն պետք է չարչարվի իմ անվան համար»։ Անանիան գնաց, այն տունը մտավ, ձեռքը դրեց նրա վրա և ասաց. «Սավո՛ւղ եղբայր, Տե՛րն ինձ ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհին երևաց, որպեսզի տեսողությունդ վերստանաս և Սուրբ Հոգով լցվես»։ Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին։ Նա վերստին տեսավ և ոտքի ելավ մկրտվելու։ Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ։
Սողոսը մի քանի օր Դամասկոսում գտնվող աշակերտների հետ անցկացրեց։
Նա անմիջապես ժողովարաններում քարոզեց Հիսուսին, որ նա է Աստծու Որդին։ Բոլորը, ովքեր լսում էին, զարմանում էին և ասում. «Սա չէ՞ր, որ հալածում էր Երուսաղեմում դրա անվանը կոչ անողներին, և այստեղ էլ նրա համար է եկել, որ սրանց ձերբակալելով՝ քահանայապետների մոտ տանի»։ Բայց Սողոսն է՛լ ավելի էր զորանում և շփոթեցնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ ապացուցելով, որ սա է Քրիստոսը։
Բազում օրեր անց հրեաները որոշեցին նրան սպանել։ Բայց Սողոսին հայտնի դարձավ նրանց դավադրությունը։ Նրանք գիշերուզօր քաղաքի դռների մոտ էին, որպեսզի նրան սպանեին։ Աշակերտները գիշերով նրան վերցրին ու պարսպից կախելով՝ զամբյուղով ցած իջեցրին։