Գործք Առաքելոց 8:26-40

Գործք Առաքելոց 8:26-40 ՆՎԱԱ

Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։ Նա վեր կացավ գնաց։ Ահա եթովպացի մի մարդ, որ ներքինի էր և Եթովպիայի Կանդակի թագուհու պաշտոնյաներից, որը նաև թագուհու գանձապահն էր, երկրպագության համար եկել էր Երուսաղեմ. վերադառնալիս իր կառքում նստած՝ Եսայի մարգարեի գիրքն էր կարդում։ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և այդ կառքի՛ն մոտեցիր»։ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայու մարգարեությունից է կարդում, և հարցրեց. «Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ ես կարդում»։ Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի»։ Նա խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա և նստի իր մոտ։ Եվ սա էր գրքի այն հատվածը, որ կարդում էր. «Իբրև ոչխար մորթվելու տարվեց, և իբրև գառ, որ լուռ կանգնում է իրեն խուզողի առաջ, այդպես էլ նա իր բերանը չի բացում։ Նրա խոնարհության պատճառով նրա իրավունքը մերժվեց. ո՞վ պիտի նրա ցեղի մասին պատմի, քանի որ նրա կյանքը երկրից վերցվեց» ։ Եվ ներքինին Փիլիպպոսին ասաց. «Խնդրում եմ քեզ, ո՞ւմ մասին է մարգարեն այս ասում՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։ Փիլիպպոսը բաց արեց բերանը և սկսելով այս գրքից՝ նրան ավետարանեց Հիսուսի մասին։ Ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես մկրտվել»։ Նա ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։ Եվ հրամայեց կառքը կանգնեցնել. Փիլիպպոսն ու ներքինին իջան ջուրը, և նա մկրտեց ներքինուն։ Երբ ջրից դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին հափշտակեց տարավ, ու ներքինին այլևս չտեսավ նրան. և նա ուրախությամբ գնաց իր ճանապարհով։ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում և շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներում, մինչև որ եկավ Կեսարիա։