Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասացին իրենց։ Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, որ մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով Սուրբ Հոգու միջոցով խոսեցիր ու ասացիր.
"Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին,
և ժողովուրդներն ունայն բաների մասին մտածեցին։
Երկրի թագավորները վեր ելան,
և իշխանները միասին հավաքվեցին
Տիրոջ ու նրա Օծյալի դեմ" ։
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների և Իսրայելի ժողովրդի հետ, քո սուրբ Որդի Հիսուսի դեմ, որին օծեցիր, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր, որ քո ձեռքը մեկնես բժշկության համար, և նշաններ ու հրաշքներ էլ լինեն քո սուրբ Որդի Հիսուսի անունով»։ Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր. ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ Առաքյալները մեծ զորությամբ վկայում էին Տեր Հիսուսի հարության մասին, և նրանց բոլորի վրա մեծ շնորհ կար։ Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը առաքյալների տրամադրության տակ էին դնում, և յուրաքանչյուրին բաշխվում էր ըստ իր ունեցած կարիքի։