Գործք Առաքելոց 4:23-31

Գործք Առաքելոց 4:23-31 ՆՎԱԱ

Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասացին իրենց։ Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, որ մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով Սուրբ Հոգու միջոցով խոսեցիր ու ասացիր. "Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին, և ժողովուրդներն ունայն բաների մասին մտածեցին։ Երկրի թագավորները վեր ելան, և իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ ու նրա Օծյալի դեմ" ։ Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների և Իսրայելի ժողովրդի հետ, քո սուրբ Որդի Հիսուսի դեմ, որին օծեցիր, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր, որ քո ձեռքը մեկնես բժշկության համար, և նշաններ ու հրաշքներ էլ լինեն քո սուրբ Որդի Հիսուսի անունով»։ Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։