Գործք Առաքելոց 4:1-31

Գործք Առաքելոց 4:1-31 ՆՎԱԱ

Նրանք տակավին խոսում էին ժողովրդի հետ, երբ նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակապետը և սադուկեցիները՝ սաստիկ զայրացած, որ սրանք Հիսուսի օրինակով ժողովրդին ուսուցանում և քարոզում էին մեռելներից հարության մասին։ Եվ նրանց ձերբակալեցին ու բանտարկեցին մինչև հաջորդ օրը, որովհետև արդեն երեկո էր։ Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը շուրջ հինգ հազար եղավ։ Հաջորդ օրը նրանց իշխանավորները, ծերերն ու դպիրները հավաքվեցին Երուսաղեմում, նաև Աննաս քահանայապետն ու Կայիափան, Հովհաննեսն ու Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, ովքեր քահանայական ցեղից էին։ Եվ առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցնում էին. «Դուք դա ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով կատարեցիք»։ Այդ ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցված, նրանց ասաց. «Ո՛վ ժողովրդի իշխանավորներ ու Իսրայելի ծերեր, եթե մենք այսօր մի տկար մարդու հանդեպ գործված բարիքի համար հարցաքննվում ենք, թե նա ումո՛վ բժշկվեց, արդ թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց. նրանով է սա հիմա ձեր առաջ առողջացած կանգնել։ Սա է ձեզանից՝ շինողներիցդ անարգված այն քարը, որ անկյունաքար դարձավ ։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։ Եվ Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ անուսում ու տգետ մարդիկ են, զարմացած էին, որովհետև նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների։ Տեսնում էին նաև այն բժշկված մարդուն՝ կանգնած նրանց հետ, և պատասխանելու ոչինչ չունեին։ Նրանց հրամայեցին ատյանից դուրս գալ և միմյանց հետ խորհրդակցեցին՝ ասելով. «Ի՞նչ անենք այս մարդկանց, քանի որ սրանց ձեռքով երևելի հրաշք է գործվել, որը հայտնի է Երուսաղեմի բոլոր բնակիչներին, և մենք չենք կարող հերքել։ Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի չտարածվի, նրանց խիստ սպառնանք, որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չքարոզեն»։ Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել։ Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին և ասացին. «Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք։ Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»։ Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ժողովրդի պատճառով ոչ մի միջոց չգտնելով նրանց պատժելու, որովհետև բոլորը կատարվածի համար փառք էին տալիս Աստծուն։ Իսկ այն մարդը, որի վրա բժշկության այս նշանը կատարվեց, ավելի քան քառասուն տարեկան էր։ Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասացին իրենց։ Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, որ մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով Սուրբ Հոգու միջոցով խոսեցիր ու ասացիր. "Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին, և ժողովուրդներն ունայն բաների մասին մտածեցին։ Երկրի թագավորները վեր ելան, և իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ ու նրա Օծյալի դեմ" ։ Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների և Իսրայելի ժողովրդի հետ, քո սուրբ Որդի Հիսուսի դեմ, որին օծեցիր, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր, որ քո ձեռքը մեկնես բժշկության համար, և նշաններ ու հրաշքներ էլ լինեն քո սուրբ Որդի Հիսուսի անունով»։ Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։