Գործք Առաքելոց 27:1-38

Գործք Առաքելոց 27:1-38 ՆՎԱԱ

Երբ որոշվեց՝ դեպի Իտալիա նավարկենք, Պողոսին ու մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի։ Նստելով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Արիստարքոս Մակեդոնացին Թեսաղոնիկեից։ Հաջորդ օրն իջանք Սիդովն, և Հուլիոսը, Պողոսի նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով, թույլ տվեց նրան բարեկամների մոտ գնալ՝ խնամք ստանալու։ Այդտեղից նավարկելով՝ գնացինք Կիպրոսի ներքևի կողմով՝ քամու հակառակ ուղղությամբ փչելու պատճառով։ Ապա նավարկելով Կիլիկիան և Պամփյուլիան ողողող ծովով՝ իջանք Լիկիայի Միռա քաղաքը։ Այնտեղ հարյուրապետը, գտնելով Ալեքսանդրիայի մի նավ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ նստեցրեց։ Բազում օրեր դանդաղ նավարկելով՝ հազիվ հասանք Կնիդոսի կողմերը։ Քանի որ քամին մեր հակառակ կողմից էր, Կրետեի ներքևով նավարկեցինք դեպի Սալմովնի հրվանդան։ Նրա եզերքով դժվարությամբ անցնելով՝ եկանք մի տեղ, որ «Գեղեցիկ նավահանգիստ» էր կոչվում, որի մոտ էր Լասեա քաղաքը։ Եվ քանի որ բավականաչափ ժամանակ էր անցել, նավարկելը վտանգավոր կլիներ, իսկ ծոմապահության ժամանակն էլ արդեն անցել էր, Պողոսը խրատ էր տալիս՝ ասելով նրանց. «Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նավարկությունը նեղությամբ ու մեծ վնասով է լինելու ոչ միայն բեռի ու նավի, այլ նաև մեր կյանքի համար»։ Բայց հարյուրապետը նավապետին ու նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերին։ Քանի որ նավահանգիստը ձմեռն անցկացնելու համար անհարմար էր, մեծամասնությունը մտածեց այդտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանային Փյունիկե հասնել և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավ-արևմուտք և դեպի ցամաք էր նայում։ Երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե իրենց նպատակին կհասնեն, և խարիսխները վերցնելով՝ ինչքան հնարավոր է դեպի Կրետե նավարկեցին։ Շատ ժամանակ չէր անցել, երբ կղզու կողմից մի մրրկահողմ բարձրացավ, որ «Եվրացիկլոն» էր կոչվում։ Երբ նավը քշվեց և մրրկահողմին չկարողացավ դիմանալ, նավի կառավարումը թողեցինք և տարուբերվում էինք։ Եվ ընթանալով դեպի մի կղզի, որ Կավդա էր կոչվում, մակույկը հազիվ կարողացանք փրկել։ Օգնության միջոցներով այն նավի վրա քաշեցինք, ապա պարաններ օգտագործեցին և նավի տակից անցկացնելով՝ կապեցին. վախենալով, որ Սիրտիսի ծովածոցի մեջ կընկնեն, խարիսխը ծովը իջեցրին և այդպես տարուբերվում էին։ Մինչ մենք փոթորկից շատ նեղություն էինք կրում, հաջորդ օրը նրանք սկսեցին բեռները ծովը գցել։ Երրորդ օրը նրանք իրենց ձեռքով ծովը նետեցին նավի գործիքները։ Երբ բազում օրեր ո՛չ արև էր երևում, ո՛չ էլ աստղեր, վատ եղանակն էլ շարունակվում էր, փրկվելու մեր ողջ հույսը կտրվեց։ Քանի որ արդեն շատ օրեր քաղցած էին, այդ ժամանակ Պողոսը, նրանց մեջ կանգնելով, ասաց. «Մարդի՛կ, դուք պետք է ինձ լսեիք ու Կրետեից չելնեիք և այս նեղությունից ու վտանգից կխուսափեիք։ Իսկ այժմ ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։ Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ, և ասաց. "Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել"։ Դրա համար քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։ Սակայն պետք է մի կղզի ընկնենք»։ Արդեն տասնչորսերորդ գիշերը եղավ, ինչ մենք Ադրիական ծովում դեռևս տարուբերվում էինք։ Կեսգիշերին նավավարները կարծեցին, թե ինչ-որ ցամաք ենք հասել։ Ջրի խորությունը չափող գունդը գցելով՝ քսան գրկաչափ խորություն գտան. մի փոքր էլ առաջանալով՝ նորից գցեցին և տասնհինգ գրկաչափ գտան։ Վախենալով, որ թերևս խութերի մեջ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխ ցած գցեցին և սպասում էին լուսանալուն։ Բայց քանի որ նավավարներն ուզում էին նավից փախչել, մակույկն իջեցրին ծով այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխ գցելու։ Պողոսը հարյուրապետին ու զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք չեք կարող փրկվել»։ Այդ ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին և թողեցին, որ ծովն ընկնի։ Լուսադեմին Պողոսը բոլորին խնդրում էր, որ կերակուր ընդունեն՝ ասելով. «Այսօր տասնչորսերորդ օրն է, ինչ դուք սպասելով քաղցած եք մնացել և ոչինչ չեք կերել։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ընդունեք, որովհետև դա ձեր փրկության համար է. քանի որ ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ չի կորչելու»։ Այս ասելով՝ հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհություն հայտնեց, կտրեց ու սկսեց ուտել։ Եվ բոլորը քաջալերվեցին, ու իրենք էլ սնվեցին։ Նավի մեջ բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։ Կերակուրից հագենալով՝ նավը թեթևացրին՝ ցորենը ծովը թափելով։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում