Գործք Առաքելոց 26:1-32

Գործք Առաքելոց 26:1-32 ՆՎԱԱ

Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քեզ թույլատրվում է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը ձեռքը մեկնեց ու սկսեց իրեն պաշտպանել. «Հրեաների կողմից իմ մասին արված բոլոր ամբաստանությունների համար, ո՛վ Ագրիպպաս թագավոր, ինձ երանելի եմ համարում, որ այսօր քո առաջ պաշտպանելու եմ ինձ, մանավանդ որ գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին ու խնդիրներին. դրա համար աղաչում եմ, որ ինձ համբերությամբ լսես։ Բոլոր հրեաները տեղյակ են իմ կյանքին, որ մանկությունիցս ի վեր ի սկզբանե եղել եմ իմ ազգի մեջ Երուսաղեմում։ Վաղուց գիտեն, եթե ցանկանան վկայել, որ ես որպես փարիսեցի ապրել եմ մեր կրոնի խստագույն օրենքների համաձայն։ Եվ հիմա կանգնել ու դատվում եմ Աստծուց մեր հայրերին տրված խոստումի հույսի համար, որին մեր տասներկու ցեղերը, գիշեր ու զօր անդադար պաշտելով, ակնկալել են հասնել։ Այդ հույսի համար եմ ամբաստանվում հրեաների կողմից, ո՛վ Ագրիպպաս արքա։ Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն է տալիս։ Ես հենց ինքս անհրաժեշտ էի համարում Հիսուս Նազովրեցու անվանը հակառակ շատ բաներ անել, որ և արեցի Երուսաղեմում. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին էի բանտարկում և նրանց սպանությանը հավանություն էի տալիս։ Բոլոր ժողովարաններում շատ անգամներ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեին, և նրանց դեմ առավել ևս մոլեգնելով՝ հալածում էի մինչև օտար քաղաքներ։ Երբ քահանայապետների իշխանությամբ ու հանձնարարությամբ Դամասկոս էի գնում, կեսօրին ճանապարհին տեսա, ո՛վ արքա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։ Երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է մեխին ոտքով խփել"։ Իսկ ես ասացի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Նա ասաց. "Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Բայց վե՛ր կաց և կանգնի՛ր ոտքերիդ վրա, որովհետև քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն բաների, ինչ դու տեսար, և այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝ ազատելու այն ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ քեզ ուղարկում եմ, որպեսզի նրանց աչքերը բացես, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան"։ Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չեղա, այլ նախ նրանց, ովքեր Դամասկոսում, Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում էին, ինչպես նաև հեթանոսներին քարոզեցի, որ ապաշխարեն և դեպի Աստված դառնան՝ ապաշխարության արժանի գործեր կատարելով։ Այս բաների համար հրեաներն ինձ տաճարում բռնելով փորձեցին սպանել։ Արդ Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր կանգնած փոքրին ու մեծին վկայում եմ՝ ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին, որ Քրիստոսը չարչարվելու է և մեռելներից առաջինը հարություն առած լինելով՝ ժողովրդին ու հեթանոսներին լույս է ավետարանելու»։ Մինչ Պողոսը այս պատասխանն էր տալիս, Փեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո բազում գիտելիքները քեզ մոլագարության են տանում»։ Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, նորի՛ն վսեմություն Փեստոս, այլ ճշմարտության և զգաստության խոսքեր եմ արտասանում։ Որովհետև այս բաներին թագավորն էլ է տեղյակ, որին և համարձակ ասում եմ. չեմ կարծում, թե սրանցից որևէ բան նրանից ծածկված լինի, քանի որ դա խուլ անկյունում չի եղել։ Մարգարեներին հավատո՞ւմ ես, ո՛վ Ագրիպպաս արքա. գիտեմ, որ հավատում ես»։ Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ Պողոսն ասաց. «Աստծուց կխնդրեի, որ ոչ միայն դու, այլ նաև բոլոր նրանք, ովքեր այսօր ինձ լսում են, քիչ թե շատ այնպիսին լինեին, ինչպիսին ես եմ, միայն առանց այս կապանքների»։ Եվ երբ նա այս ասաց, թագավորը, կուսակալը, Բերնիկեն ու նրանց հետ բոլոր նստածները վեր կացան։ Գնալիս իրար հետ խոսում էին և ասում. «Այս մարդը մեռնելու կամ կապանքների արժանի բան չի արել»։ Բայց Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Այս մարդուն կարելի էր արձակել, եթե կայսրին դիմած չլիներ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում