Մի քանի օր անց Ագրիպպաս թագավորն ու Բերնիկեն իջան Կեսարիա՝ Փեստոսին ողջունելու։ Այստեղ բավականաչափ օրեր անցկացնելուց հետո Փեստոսը Պողոսի մասին տեղեկացրեց թագավորին ու ասաց. «Այստեղ Փելիքսի կողմից բանտարկված մի մարդ է մնացել, որի մասին ինձ քահանայապետներն ու հրեաների երեցները տեղեկացրին, երբ Երուսաղեմում էի։ Նրանք նրա պատիժն են պահանջում։ Նրանց պատասխանեցի. "Հռոմեացիների համար օրինական չէ որևէ մարդու հանձնել ատյանի, մինչև ամբաստանյալն իր առաջ իրեն մեղադրողներին չունենա և այդ մեղադրանքին պատասխանելու հնարավորությունը չստանա"։ Երբ նրանց հետ այստեղ եկա, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի բերել այդ մարդուն։ Նրա դեմ առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը ես լուրջ չեմ համարում։ Դրանք իրենց կրոնի հետ կապված որոշ խնդիրներ են ոմն մեռած Հիսուսի վերաբերյալ, որի մասին Պողոսն ասում էր, թե կենդանի է։ Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, ասացի, թե արդյոք ցանկանո՞ւմ է Երուսաղեմ գնալ և այդ բաների համար այնտեղ դատվել։ Բայց երբ Պողոսը պահանջեց, որ ինքը պետք է պահվի Օգոստափառ կայսեր վճռի համար, ես հրամայեցի նրան պահել, մինչև կայսեր մոտ ուղարկեմ»։ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կուզենայի լսել այդ մարդուն»։ Նա ասաց. «Վաղը կլսես»։ Հաջորդ օրը, երբ Ագրիպպասն ու Բերնիկեն մեծ հանդիսավորությամբ եկան ու հազարապետների և քաղաքի պատվավոր մարդկանց հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, ու Պողոսին բերեցին։ Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս թագավոր և մեզ հետ ներկա ամե՛նքդ. տեսնում եք սրան, որի համար հրեա ամբողջ ժողովուրդն ինձ մոտ եկավ՝ թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ՝ աղաղակելով, որ նա չպետք է կենդանի մնա։ Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել։ Իսկ քանի որ նա դիմել էր Օգոստափառին, մտածեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։ Նրա մասին ճշգրիտ որևէ բան չունեմ տիրոջս գրելու։ Այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, ո՛վ Ագրիպպաս թագավոր, որ վերաքննելով՝ գրելու որևէ բան ունենամ, քանի որ ինձ անտրամաբանական է թվում որևէ բանտարկյալի ուղարկել՝ առանց նրա դեմ հանցանք նշելու»։
Կարդալ Գործք Առաքելոց 25
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 25:13-27
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր