Գործք Առաքելոց 23:1-10

Գործք Առաքելոց 23:1-10 ՆՎԱԱ

Պողոսը հայացքն ուղղեց ատյանին ու ասաց. «Եղբայրնե՛ր, ես մինչև այսօր Աստծու առաջ ապրել եմ ամենայն ուղղամտությամբ»։ Անանիա քահանայապետը մոտը կանգնածներին հրամայեց, որ խփեն նրա բերանին։ Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված պիտի խփի քեզ, սպիտակեցրա՛ծ պատ. դու նստել ես ինձ օրենքի համաձայն դատելու և օրենքը խախտելով՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն»։ Եվ ներկա գտնվողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես նախատում»։ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ քահանայապետ է, որովհետև գրված է. "Քո ժողովրդի իշխանին չչարախոսես" »։ Երբ Պողոսն իմացավ, որ ատյանում մի մասը սադուկեցիներն են, իսկ մյուս մասը՝ փարիսեցիները, բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու փարիսեցու որդի. ահա դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։ Երբ նա այս ասաց, փարիսեցիների ու սադուկեցիների միջև երկպառակություն ծագեց, և բազմությունը պառակտվեց։ Որովհետև սադուկեցիներն ասում են, որ հարություն չկա. ո՛չ հրեշտակ կա, ո՛չ էլ հոգի, իսկ փարիսեցիները հավատում են երկուսին էլ։ Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից որոշ դպիրներ վեր կացան և հակառակվելով՝ ասացին. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում. թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։ Խռովությունն այնքան թեժացավ, որ հազարապետը, վախենալով, որ գուցե Պողոսը նրանց կողմից պատառ-պատառ արվի, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից Պողոսին վերցնել ու բերդ տանել։