Գործք Առաքելոց 22:6-13

Գործք Առաքելոց 22:6-13 ՆՎԱԱ

Երբ գնալիս Դամասկոսին էի մոտենում, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից շուրջս ուժեղ լույս փայլատակեց։ Ես ընկա գետնին և մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ"։ Ես պատասխանեցի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Եվ ինձ ասաց. "Ես Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես"։ Ինձ հետ եղողները լույսը տեսնում էին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում։ Ես ասացի. "Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր"։ Տերն ինձ ասաց. "Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես"։ Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։ Անանիա անունով մի մարդ՝ օրենքին հավատարիմ և Դամասկոսում ապրող բոլոր հրեաների կողմից վկայված, եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. "Սավո՛ւղ եղբայր, վերստին ստացի՛ր տեսողությունդ"։ Եվ ես նույն պահին տեսողությունս վերագտա ու տեսա նրան։