Գործք Առաքելոց 22:4-21

Գործք Առաքելոց 22:4-21 ՆՎԱԱ

Ես մինչև մահ հալածում էի այս ուղղությունը՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտերի մատնելով։ Ինչպես իմ մասին վկայում են քահանայապետը և ողջ ծերակույտը, նրանցից եղբայրներին ուղղված նամակներն առնելով՝ գնում էի Դամասկոս, որպեսզի այնտեղ գտնվողներին ևս կապելով՝ բերեի Երուսաղեմ՝ պատժվելու։ Երբ գնալիս Դամասկոսին էի մոտենում, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից շուրջս ուժեղ լույս փայլատակեց։ Ես ընկա գետնին և մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ"։ Ես պատասխանեցի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Եվ ինձ ասաց. "Ես Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես"։ Ինձ հետ եղողները լույսը տեսնում էին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում։ Ես ասացի. "Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր"։ Տերն ինձ ասաց. "Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես"։ Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։ Անանիա անունով մի մարդ՝ օրենքին հավատարիմ և Դամասկոսում ապրող բոլոր հրեաների կողմից վկայված, եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. "Սավո՛ւղ եղբայր, վերստին ստացի՛ր տեսողությունդ"։ Եվ ես նույն պահին տեսողությունս վերագտա ու տեսա նրան։ Եվ նա ինձ ասաց. "Մեր հայրերի Աստվածը քեզ նախասահմանեց, որ իր կամքը ճանաչես, Արդարին տեսնես ու նրա բերանից ձայնը լսես, որպեսզի բոլոր մարդկանց առաջ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։ Այժմ ինչո՞ւ ես հապաղում. վե՛ր կաց, մկրտվի՛ր ու լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով"։ Երբ ես Երուսաղեմ վերադարձա և տաճարում աղոթում էի, մտքի հափշտակության մեջ ընկա. ես տեսա նրան, որ ինձ ասում էր. "Փութա՛, շտապ դո՛ւրս գնա Երուսաղեմից, որովհետև իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու"։ Իսկ ես ասացի. "Տե՛ր, նրանք գիտեն, որ ես էի բանտ նստեցնում և ժողովարաններում գանահարել տալիս քեզ հավատացողներին։ Եվ երբ քո վկայի՝ Ստեփանոսի արյունը թափվում էր, ես ինքս նրա մոտ կանգնած էի, հավանություն էի տվել նրա սպանությանը և պահում էի նրան սպանողների հագուստները"։ Բայց նա ինձ ասաց. "Գնա՛, որովհետև ես քեզ ուղարկելու եմ հեռու՝ հեթանոսների մոտ"»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում