Գործք Առաքելոց 2:6-21

Գործք Առաքելոց 2:6-21 ՆՎԱԱ

Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։ Ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։ Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանում ու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում, Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ, հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։ Բոլորը զմայլված և զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ի՞նչ կարող է լինել»։ Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։ Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է, այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով. "Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,- իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ, և պիտի մարգարեանան։ Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում, և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա. արյուն, կրակ ու ծխի սյուն։ Արեգակը պիտի փոխակերպվի խավարի, և լուսինը՝ արյան, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի" ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում