Գործք Առաքելոց 2:22-47

Գործք Առաքելոց 2:22-47 ՆՎԱԱ

Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով. նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։ Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։ Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում. "Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։ Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ հույսով պիտի ապրի։ Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։ Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես" ։ Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։ Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որ Աստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին , ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին. "Նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ" ։ Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։ Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում՝ ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։ Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան։ Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին։ Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։ Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։ Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։ Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում