Գործք Առաքելոց 2:22-36

Գործք Առաքելոց 2:22-36 ՆՎԱԱ

Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով. նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։ Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։ Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում. "Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։ Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ հույսով պիտի ապրի։ Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։ Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես" ։ Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։ Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որ Աստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին , ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին. "Նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ" ։ Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում