Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է, այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով.
"Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,-
իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,
և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան.
ձեր երիտասարդները տեսիլքներ,
իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։
Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս
այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ,
և պիտի մարգարեանան։
Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում,
և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա.
արյուն, կրակ ու ծխի սյուն։
Արեգակը պիտի փոխակերպվի խավարի,
և լուսինը՝ արյան,
քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք,
ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի" ։
Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով. նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։ Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։ Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում.
"Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ,
որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։
Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց,
մարմինս էլ հույսով պիտի ապրի։
Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի
և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։
Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները
և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես" ։