Գործք Առաքելոց 2:1-13

Գործք Առաքելոց 2:1-13 ՆՎԱԱ

Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։ Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։ Ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։ Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանում ու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում, Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ, հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։ Բոլորը զմայլված և զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ի՞նչ կարող է լինել»։ Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում