Գործք Առաքելոց 17:16-25

Գործք Առաքելոց 17:16-25 ՆՎԱԱ

Մինչ Պողոսը Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին խռովվում էր՝ քաղաքը կուռքերով լի տեսնելով։ Նա ժողովարանում դիմում էր հրեաներին ու բարեպաշտ մարդկանց, իսկ հրապարակում՝ ամեն օր իրեն հանդիպողներին։ Էպիկուրյան ու ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճաբանում էին նրա հետ, իսկ ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածների քարոզիչ է», որովհետև Հիսուսին և հարությունն էր քարոզում։ Եվ նրան վերցրին տարան Արիսպագոսի առաջ՝ ասելով. «Կարո՞ղ ենք իմանալ, թե քո այդ քարոզած նոր վարդապետությունն ի՛նչ է, որովհետև մեր ականջներին օտարոտի բաներ ես մատուցում։ Արդ ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ են ուզում ասել»։ Քանի որ բոլոր աթենացիներն ու այնտեղ ապրող օտարներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։ Պողոսն Արիսպագոսի մեջտեղում կանգնեց ու ասաց. «Ո՛վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք, որովհետև շրջելիս և ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան, որի վրա գրված էր՝ "ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ"։ Արդ, ում դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրա՛ մասին եմ քարոզում ձեզ։ Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, իբրև թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ տալիս։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում