Ամփիպոլիսի և Ապողոնիայի միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։ Պողոսն իր սովորության համաձայն նրանց մոտ մտավ և երեք շաբաթ օրեր նրանց հետ Սուրբ Գրքից խոսեց։ Բացատրում էր և ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ ձեզ»։ Նրանցից ոմանք հավատացին և միացան Պողոսին ու Շիղային, ինչպես նաև բազում աստվածավախ հույներ և թվով ոչ պակաս երևելի կանայք։ Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով՝ քաղաքը տակնուվրա արեցին և Յասոնի տան վրա հարձակվելով՝ ուզում էին նրանց հրապարակ տանել։ Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ աղաղակելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա են արել, այստեղ էլ են հասել։ Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում՝ ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»։ Եվ վրդովեցրին ժողովրդին ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները։ Սակայն Յասոնից և ուրիշներից երաշխիք ստանալով՝ նրանց արձակեցին։ Բայց եղբայրները Պողոսին ու Շիղային գիշերով շտապ ճանապարհ դրեցին դեպի Բերիա, որոնք այնտեղ հասնելուն պես հրեաների ժողովարան գնացին։ Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղողները, խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու, թե արդյոք դա այդպե՞ս է։ Արդ նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք ու տղամարդիկ։ Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում ևս Պողոսի կողմից Աստծու խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան՝ ժողովրդին հրահրելու և խռովություն առաջացնելու։ Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև ծովեզր գնա, իսկ Շիղան ու Տիմոթեոսն այնտեղ մնացին։
Կարդալ Գործք Առաքելոց 17
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 17:1-14
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր