Գործք Առաքելոց 16:16-40

Գործք Առաքելոց 16:16-40 ՆՎԱԱ

Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։ Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում»։ Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։ Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։ Նրանց տարան զորապետների մոտ ու ասացին. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը. նրանք հրեաներ են։ Եվ այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրինավոր չէ ո՛չ ընդունել, ո՛չ էլ գործադրել»։ Եվ ամբոխը նրանց վրա նետվեց. զորապետները նրանց զգեստները պատռել տվեցին ու հրամայեցին, որ գանահարեն։ Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ Նա էլ, այսպիսի հրաման ստանալով, նրանց մեկուսարան գցեց և նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքներն արձակվեցին։ Երբ բանտապետը, արթնանալով, բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց և ասաց. «Դու քեզ չվնասե՛ս, որովհետև մենք բոլորս այստեղ ենք»։ Նա լույս խնդրեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը»։ Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան և բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։ Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և իսկույն մկրտվեցին ինքը և բոլոր յուրայինները։ Նրանց իր տուն տանելով՝ սեղան դրեց և իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ Լույսը բացվելուն պես զորապետները նվիրակներ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ Բանտապետն այս խոսքերը հայտնեց Պողոսին. «Զորապետները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Արդ դո՛ւրս եկեք և գնացե՛ք խաղաղությամբ»։ Իսկ Պողոսը նրանց ասաց. «Մեզ՝ անմեղներիս, որ հռոմեացի ենք, հրապարակավ ծեծեցին և բանտ նետեցին, հիմա մեզ ծածո՞ւկ են դուրս բերում. իհարկե ո՛չ, թող իրե՛նք գան և մեզ դուրս հանեն»։ Նվիրակներն այդ խոսքերը զորապետներին հաղորդեցին. երբ նրանք լսեցին, որ հռոմեացի են, վախեցան։ Եկան և նրանցից ներողություն խնդրեցին։ Երբ նրանց դուրս հանեցին, աղաչում էին հեռանալ քաղաքից։ Նրանք բանտից դուրս ելան ու մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ նրանց քաջալերեցին ու հեռացան։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում