Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։ Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում»։ Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։ Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։ Նրանց տարան զորապետների մոտ ու ասացին. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը. նրանք հրեաներ են։ Եվ այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրինավոր չէ ո՛չ ընդունել, ո՛չ էլ գործադրել»։ Եվ ամբոխը նրանց վրա նետվեց. զորապետները նրանց զգեստները պատռել տվեցին ու հրամայեցին, որ գանահարեն։ Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ Նա էլ, այսպիսի հրաման ստանալով, նրանց մեկուսարան գցեց և նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքներն արձակվեցին։ Երբ բանտապետը, արթնանալով, բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց և ասաց. «Դու քեզ չվնասե՛ս, որովհետև մենք բոլորս այստեղ ենք»։ Նա լույս խնդրեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը»։ Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան և բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։ Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և իսկույն մկրտվեցին ինքը և բոլոր յուրայինները։ Նրանց իր տուն տանելով՝ սեղան դրեց և իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։