Գործք Առաքելոց 16:1-15

Գործք Առաքելոց 16:1-15 ՆՎԱԱ

Պողոսը եկավ Դերբե ու Լյուստրա։ Այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հրեա հավատացյալ կնոջ և հույն հոր որդի, որը վկայված էր լյուստրացի և իկոնիացի եղբայրներից։ Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել և վերցրեց նրան թլփատեց այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, որովհետև բոլորն էլ գիտեին, որ նրա հայրը հույն էր։ Երբ անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Եկեղեցիները հաստատվում էին հավատի մեջ, և օրեցօր նրանց թիվն ավելանում էր։ Եվ շրջեցին Փռյուգիայում ու գաղատացիների երկրում՝ արգելվելով Սուրբ Հոգուց, որ Ասիայում Աստծու խոսքը չքարոզեն։ Երբ Մյուսիայի սահմանները եկան, ջանում էին դեպի Բյութանիա գնալ, բայց Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։ Եվ Մյուսիայով անցնելով՝ իջան Տրովադա։ Գիշերը Պողոսին տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել, նրան աղաչում էր ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ Երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն ցանկացանք դեպի Մակեդոնիա ելնել՝ համոզված լինելով, որ Տերը մեզ հրավիրեց նրանց ավետարանելու։ Տրովադայից նավարկելով՝ ուղղվեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս, այնտեղից՝ Փիլիպպե, որ Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքն է՝ հռոմեական գաղութ։ Այդ քաղաքում մենք մնացինք մի քանի օր։ Շաբաթ օրը քաղաքից դուրս՝ դեպի գետափ գնացինք, որտեղ սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։ Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն էր բացել, որպեսզի անսար Պողոսի խոսքերին։ Երբ նա և իր ընտանիքը մկրտվեցին, աղաչեց մեզ՝ ասելով. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք, մնացե՛ք»։ Եվ ստիպելով մեզ տարավ։