Գործք Առաքելոց 15:22-41

Գործք Առաքելոց 15:22-41 ՆՎԱԱ

Այդ ժամանակ առաքյալներին ու երեցներին ամբողջ եկեղեցու հետ միասին հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք. Բարսաբբաս կոչված Հուդային և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջնորդներից էին։ Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալներից, երեցներից ու եղբայրներից՝ Անտիոքում, Ասորիքում և Կիլիկիայում հեթանոսներից դարձած եղբայրներիդ ողջո՜ւյն։ Քանի որ լսեցինք, որ մեզանից ոմանք, որոնց մենք չէինք հրամայել, խոսքերով խռովեցրել են ձեզ ու ձեր հոգիները խաթարել, մենք՝ միաբան հավաքվածներս, հարմար համարեցինք ընտրյալ մարդկանց ուղարկել ձեզ մոտ՝ մեր սիրելիների՝ Բառնաբասի և Պողոսի հետ միասին. մարդիկ, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։ Արդ Հուդային ու Շիղային ուղարկեցինք, որպեսզի նրանք էլ խոսքով նույնը հաղորդեն։ Որովհետև Սուրբ Հոգուն և մեզ հաճելի թվաց ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս անհրաժեշտներից՝ հեռու մնալ կուռքին զոհաբերվածից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք. ո՛ղջ եղեք»։ Եվ նրանք, արձակվելով, իջան Անտիոք, ժողովրդին հավաքեցին և նամակը հանձնեցին։ Ընթերցելով՝ նրանք ուրախացան քաջալերանքի համար։ Հուդան ու Շիղան, քանի որ նույնպես մարգարեներ էին, բազում խոսքերով քաջալերեցին ու ամրապնդեցին եղբայրներին։ Միառժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ Բայց Շիղան լավ համարեց այնտեղ մնալ։ Իսկ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում և ուրիշ շատերի հետ Տիրոջ խոսքն էին ուսուցանում ու քարոզում։ Սակայն մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք ու մեր եղբայրներին այցելենք բոլոր այն քաղաքներում, որոնց մեջ Տիրոջ խոսքը քարոզեցինք, և տեսնենք, թե ինչպե՛ս են նրանք ապրում»։ Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։ Բայց Պողոսը մտածում էր, որ Պամփյուլիայում իրենցից բաժանվածին և իրենց հետ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։ Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց Կիպրոս, իսկ Պողոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ՝ եղբայրների կողմից Աստծու շնորհին հանձնվելով։ Եվ Ասորիքում ու Կիլիկիայում շրջելով՝ հաստատում էր եկեղեցիները։