Գործք Առաքելոց 15:1-29

Գործք Առաքելոց 15:1-29 ՆՎԱԱ

Ոմանք, Հրեաստանից գալով, եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։ Երբ Պողոսն ու Բառնաբասը նրանց հետ բավական հակառակություն ու վեճ ունեցան, որոշեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար բարձրանան Երուսաղեմ՝ առաքյալների և երեցների մոտ։ Նրանք եկեղեցու կողմից ճանապարհ դրվեցին և Փյունիկեի ու Սամարիայի միջով անցնելով՝ պատմում էին հեթանոսների դարձի մասին և բոլոր եղբայրներին մեծ ուրախություն պատճառում։ Երբ Երուսաղեմ հասան, ընդունվեցին եկեղեցու, առաքյալների և երեցների կողմից ու պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց հետ։ Փարիսեցիների աղանդից որոշ հավատացյալներ վեր կացան և ասացին. «Դրանց պետք է թլփատել ու պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»։ Եվ առաքյալներն ու երեցները հավաքվեցին այս հարցը քննելու։ Երկար վիճաբանությունից հետո Պետրոսը վեր կացավ ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք գիտեք, որ Աստծու ընտրությամբ է, որ առաջին օրերից ձեր միջից հեթանոսներն իմ բերանով Ավետարանի խոսքը լսեցին ու հավատացին։ Եվ Աստված, որ գիտի մարդկանց սրտերը, նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես մեզ։ Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց՝ հավատով նրանց սրտերը մաքրելով։ Հիմա ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որ ո՛չ մեր հայրերը կարողացան տանել, ո՛չ էլ մենք։ Բայց Տեր Հիսուսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք, ինչպես և նրանք»։ Եվ ողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին, թե Աստված հեթանոսների մեջ իրենց միջոցով որքա՛ն նշաններ ու հրաշքներ կատարեց։ Եվ երբ նրանք լռեցին, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։ Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից ևեթ հոգացել էր, որ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ձևավորի։ Դրան են համապատասխանում մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է. "Սրանից հետո կվերադառնամ ու Դավթի քանդված տունը կվերաշինեմ, նրա ավերակները կվերակառուցեմ և կվերականգնեմ այն, որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ և այն բոլոր հեթանոսները, որոնց վրա իմ անունն է դրված. ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը" , և որի գործերը հայտնի են դարեր առաջ։ Դրա համար ես կարծում եմ՝ չպետք է նեղել այն հեթանոսներին, որոնք դառնում են Աստծուն։ Բայց թող նրանց ուղղված թուղթ գրվի, որ խորշեն կուռքերի պղծությունից, պոռնկությունից, խեղդամահ արված կենդանու մսից ու արյունից։ Որովհետև Մովսեսի օրենքը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի և ժողովարաններում ամեն շաբաթ օր ընթերցվում է»։ Այդ ժամանակ առաքյալներին ու երեցներին ամբողջ եկեղեցու հետ միասին հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք. Բարսաբբաս կոչված Հուդային և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջնորդներից էին։ Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալներից, երեցներից ու եղբայրներից՝ Անտիոքում, Ասորիքում և Կիլիկիայում հեթանոսներից դարձած եղբայրներիդ ողջո՜ւյն։ Քանի որ լսեցինք, որ մեզանից ոմանք, որոնց մենք չէինք հրամայել, խոսքերով խռովեցրել են ձեզ ու ձեր հոգիները խաթարել, մենք՝ միաբան հավաքվածներս, հարմար համարեցինք ընտրյալ մարդկանց ուղարկել ձեզ մոտ՝ մեր սիրելիների՝ Բառնաբասի և Պողոսի հետ միասին. մարդիկ, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։ Արդ Հուդային ու Շիղային ուղարկեցինք, որպեսզի նրանք էլ խոսքով նույնը հաղորդեն։ Որովհետև Սուրբ Հոգուն և մեզ հաճելի թվաց ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս անհրաժեշտներից՝ հեռու մնալ կուռքին զոհաբերվածից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք. ո՛ղջ եղեք»։