Գործք Առաքելոց 11:1-18

Գործք Առաքելոց 11:1-18 ՆՎԱԱ

Առաքյալները և Հրեաստանում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսները ևս ընդունել են Աստծու խոսքը։ Երբ Պետրոսը Երուսաղեմ բարձրացավ, թլփատվածները մեղադրում էին նրան՝ ասելով. «Դու անթլփատ մարդկանց մոտ մտար ու նրանց հետ կերար»։ Պետրոսը սկսեց հերթականությամբ պատմել նրանց ու ասաց. «Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ տեսիլք տեսա. վերևից չորս ծայրը կախված սփռոցի պես մի բան էր իջնում երկնքից ու հասավ մինչև ինձ։ Մինչ դրան էի նայում, տեսա երկրի չորքոտանիներին, գազաններին, սողուններին ու երկնքի թռչուններին։ Եվ լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. "Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր"։ Բայց ես ասացի. "Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև իմ բերանը երբեք պիղծ և անմաքուր բան չի մտել"։ Եվ ձայնն ինձ երկրորդ անգամ երկնքից պատասխանեց. "Այն, ինչ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր"։ Սա պատահեց երեք անգամ, և ամեն ինչ դարձյալ երկինք բարձրացավ։ Եվ ահա այդ պահին երեք մարդ, որ ուղարկվել էին ինձ մոտ Կեսարիայից, եկան, կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես գտնվում էի։ Եվ Հոգին ինձ ասաց, որ առանց վարանելու գնամ նրանց հետ։ Այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, և մտանք այն մարդու տունը։ Նա մեզ պատմեց, թե ինչպես է իր տանը տեսել հրեշտակին, որ կանգնել ու ասում էր. "Մա՛րդ ուղարկիր Հոպպե և Պետրոս կոչված Սիմոնին կանչի՛ր։ Նա քեզ խոսքեր կասի, որոնցով կփրկվեք դու և քո ամբողջ տունը"։ Երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեզ վրա սկզբում։ Այդ ժամանակ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. "Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով"։ Ուրեմն եթե Աստված միևնույն պարգևը տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։ Այս լսելով՝ լռեցին և փառաբանում էին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։