Գործք Առաքելոց 10:1-48

Գործք Առաքելոց 10:1-48 ՆՎԱԱ

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետ։ Նա, բարեպաշտ ու աստվածավախ լինելով, իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում և ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ Օրվա իններորդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որը, մտնելով իր մոտ, ասաց. «Կոռնելիո՛ս»։ Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։ Հիմա մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ Նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեզերքին է»։ Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին և մի բարեպաշտ զինվորի, որն իր ծառայողներից էր։ Եվ նրանց ամեն ինչ պատմելով՝ ուղարկեց Հոպպե։ Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամին մոտ բարձրացավ տանիք՝ աղոթելու։ Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ Տեսավ երկինքը բացված ու մեծ սփռոցի պես մի բան՝ չորս ծայրից վերևից կախված, երկրի վրա իջնելիս։ Դրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, սողունները և երկնքի թռչունները։ Եվ մի ձայն ասաց նրան. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»։ Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ Երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասաց նրան. «Ինչ որ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր»։ Դա եղավ երեք անգամ, և սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։ Մինչ Պետրոսը մտքում զարմանում էր, թե իր տեսած տեսիլքն ի՛նչ էր, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ, Սիմոնի տան տեղը հարցնելով, կանգնեցին դռան մոտ։ Նրանք ձայն տվեցին ու հարցնում էին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է հյուրընկալվել։ Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահա երեք մարդ քեզ են փնտրում։ Վե՛ր կաց, իջի՛ր և առանց վարանելու գնա՛ նրանց հետ, որովհետև ես եմ ուղարկել նրանց»։ Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ահա ես եմ, ում փնտրում եք։ Ինչի՞ համար եք եկել»։ Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ արդար և աստվածավախ մի մարդ, որ հարգված է բոլոր հրեաներից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ, որ քեզ իր տուն կանչի ու քեզանից խոսք լսի»։ Եվ նրանց ներս կանչելով՝ հյուրընկալեց։ Հաջորդ օրը Պետրոսը գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս գնացին նրա հետ։ Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը սպասում էր նրանց՝ կանչելով նաև իր ազգականներին ու մտերիմ բարեկամներին։ Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելավ ու ոտքերն ընկնելով երկրպագեց։ Պետրոսը նրան ոտքի կանգնեցրեց ու ասաց. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»։ Եվ նրա հետ խոսելով ներս մտավ ու այնտեղ հավաքված բազում մարդկանց գտավ։ Պետրոսը նրանց ասաց. «Դուք գիտեք, որ հրեա մարդուն օրինավոր չէ օտարազգի որևէ մեկին դիպչելը կամ մոտենալը. բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել։ Դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Հիմա հարցնում եմ. "Ինչո՞ւ եք ինձ կանչել"»։ Կոռնելիոսն ասաց. «Չորս օր առաջ հենց այս ժամին՝ մինչև իններորդ ժամը, իմ տանն աղոթք էի անում։ Ահա իմ առաջ մի մարդ կանգնեց՝ փայլուն զգեստներով, և ասաց. "Կոռնելիո՛ս, քո աղոթքը լսվեց, ու քո ողորմություններն Աստծու առաջ հիշվեցին։ Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում. նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի տանը՝ ծովեզերքին"։ Ես էլ իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ, որպեսզի լսենք այն ամենը, ինչ Տիրոջ կողմից հրամայված է քեզ»։ Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։ Նա իր խոսքն ուղարկեց Իսրայելի որդիներին՝ քարոզելով Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղությունը։ Նա է բոլորի Տերը։ Դուք ինքներդ գիտեք այն եղելությունը, որ պատահեց ամբողջ Հրեաստանում։ Այն սկսվեց Գալիլեայից, Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո։ Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Եվ մենք վկա ենք այն ամենին, ինչ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, որին սպանեցին՝ փայտից կախելով։ Նրան Աստված երրորդ օրը հարություն տվեց, ու հայտնվեց ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ Աստծուց նախասահմանվածներիս, որ նրա հետ կերանք ու խմեցինք մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ Նա մեզ պատվիրեց քարոզել ժողովրդին ու վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը մեռածների ու կենդանիների։ Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։ Մինչ Պետրոսն այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա։ Եվ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլփատվածներից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների մեջ էլ է հեղվում. որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում և Աստծուն փառաբանում։ Այդ ժամանակ Պետրոսն ասաց. «Ո՞վ կարող է արգելել, որ սրանք մկրտվեն ջրով, որոնք ընդունեցին Սուրբ Հոգին, ինչպես և մենք»։ Եվ հրամայեց նրանց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Այդ ժամանակ խնդրեցին նրան, որ մի քանի օր ևս մնա։