Գործք Առաքելոց 10:1-20

Գործք Առաքելոց 10:1-20 ՆՎԱԱ

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետ։ Նա, բարեպաշտ ու աստվածավախ լինելով, իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում և ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ Օրվա իններորդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որը, մտնելով իր մոտ, ասաց. «Կոռնելիո՛ս»։ Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։ Հիմա մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ Նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեզերքին է»։ Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին և մի բարեպաշտ զինվորի, որն իր ծառայողներից էր։ Եվ նրանց ամեն ինչ պատմելով՝ ուղարկեց Հոպպե։ Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամին մոտ բարձրացավ տանիք՝ աղոթելու։ Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ Տեսավ երկինքը բացված ու մեծ սփռոցի պես մի բան՝ չորս ծայրից վերևից կախված, երկրի վրա իջնելիս։ Դրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, սողունները և երկնքի թռչունները։ Եվ մի ձայն ասաց նրան. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»։ Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ Երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասաց նրան. «Ինչ որ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր»։ Դա եղավ երեք անգամ, և սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։ Մինչ Պետրոսը մտքում զարմանում էր, թե իր տեսած տեսիլքն ի՛նչ էր, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ, Սիմոնի տան տեղը հարցնելով, կանգնեցին դռան մոտ։ Նրանք ձայն տվեցին ու հարցնում էին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է հյուրընկալվել։ Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահա երեք մարդ քեզ են փնտրում։ Վե՛ր կաց, իջի՛ր և առանց վարանելու գնա՛ նրանց հետ, որովհետև ես եմ ուղարկել նրանց»։