Գործք Առաքելոց 1:1-8

Գործք Առաքելոց 1:1-8 ՆՎԱԱ

Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։ Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։