Գործք Առաքելոց 1:1-26

Գործք Առաքելոց 1:1-26 ՆՎԱԱ

Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։ Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։ Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին և նրանց ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս»։ Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհի չափ հեռավորության վրա։ Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոն Նախանձահույզը և Հակոբոսի որդի Հուդան։ Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին մի քանի կանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։ Եվ այդ օրերին Պետրոսը վեր կացավ կանգնեց եղբայրների մեջ (այնտեղ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար) և ասաց. «Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։ Որովհետև նա էլ մեզանից մեկն էր և մասնակից էր այս ծառայությանը։ Արդ, նա իր անիրավության վարձով մի ագարակ ստացավ ու գլխիվայր ընկնելով՝ մեջտեղից պատռվեց, և նրա ամբողջ փորոտիքը դուրս թափվեց։ Եվ Երուսաղեմի բոլոր բնակիչներին սա հայտնի դարձավ, այնպես որ այդ ագարակն իրենց բարբառով Ակեղդամա կոչվեց, այսինքն՝ "Արյան ագարակ"։ Քանի որ Սաղմոսների գրքում գրված է. "Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի" , և "Թող նրա առաքելությունն ուրիշն առնի" ։ Արդ, պետք է, որ այստեղ եղած մարդկանցից մեկը, որոնք մեզ հետ են եղել այն ամբողջ ժամանակ, երբ Տեր Հիսուսը մեզ հետ էր՝ սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ մեզանից համբարձվեց, նա պետք է մեզ հետ միասին նրա հարության վկան լինի»։ Եվ ներկայացրեցին երկու հոգու՝ Հովսեփին, որ Բարսաբբաս էր կոչվում և Հուստոս անվանվեց, ու Մատաթիային։ Եվ աղոթելով ասացին. «Դու, Տե՛ր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից ո՛ւմ ես ընտրել այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։ Եվ նրանց մեջ վիճակ գցեցին. վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։