Գործք Առաքելոց 1:1-14

Գործք Առաքելոց 1:1-14 ՆՎԱԱ

Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։ Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։ Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին և նրանց ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս»։ Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհի չափ հեռավորության վրա։ Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոն Նախանձահույզը և Հակոբոսի որդի Հուդան։ Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին մի քանի կանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում