Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։ Որովհետև դրանց մեջ կան այնպիսիները, որոնք տնետուն են մտնում, գերում մեղքերով բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ, որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։ Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ։ Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետև դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։
Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը, հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։ Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։ Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։ Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։