Արդ դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել։ Չարչարակի՛ց եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ոչ մի զինվորական զորապետին հաճոյանալու համար կենցաղային գործերով չի զբաղվի։ Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։ Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։ Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ասում. Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։
Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին՝ Դավթի սերնդից, ըստ իմ քարոզած Ավետարանի, որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ։ Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ Հավաստի է այս խոսքը.
«Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։
Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք,
եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։
Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում,
քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ»։
Այս բաները հիշեցրո՛ւ՝ Տիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվակռիվ չանեն, որ ոչնչի պիտանի չէ և միայն կործանում է լսողներին։ Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։