Բ Տիմոթեոսին 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսով է, 2Տիմոթեոսին՝ սիրելի որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։
Գոհություն և քաջալերանք
3Երախտապարտ եմ Աստծուն, որին պաշտում եմ մաքուր խղճով, ինչպես նախնիներիցս ի վեր, որ իմ աղոթքներում գիշեր ու զօր անդադար հիշում եմ քեզ, 4ցանկանում եմ քեզ տեսնել՝ հիշելով քո արտասուքները, որպեսզի ուրախությամբ լցվեմ։ 5Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ 6Այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերակենդանացնես Աստծու շնորհը, որ քո մեջ է ձեռնադրության միջոցով։ 7Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։ 8Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար, 9որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ 10և հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ. նա մահը կործանեց և կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով, 11որին ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։ 12Այդ պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։ 13Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որ լսեցիր ինձանից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ 14Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգով, որ մեր մեջ է բնակվում։
15Գիտես, որ ինձ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայում էին, ինչպես նաև Փիգելոսն ու Հերմոգենեսը։ 16Թող Տերը ողորմություն տա Օնեսիփորոսի ընտանիքին, որ շատ անգամներ սփոփեց ինձ ու չամաչեց իմ կապանքներից, 17այլ երբ Հռոմում եղավ, մեծ փութով փնտրեց ինձ ու գտավ։ 18Թող Տերը նրան շնորհի, որ Տիրոջից ողորմություն գտնի այն օրը, իսկ թե Եփեսոսում որքա՜ն ծառայություն մատուցեց ինձ, դու ինքդ լավ գիտես։
Արդեն Ընտրված.
Բ Տիմոթեոսին 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018