Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:1-13

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:1-13 ՆՎԱԱ

Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի սիրո բարերարություն անեմ»։ Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։ Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։ Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։ Եվ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։ Երբ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ Եվ Դավիթն ասաց. «Ո՜վ Մեմփիբոսթե». և նա ասաց. «Ահա ծառադ»։ Եվ Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից»։ Եվ Մեմփիբոսթեն խոնարհվեց ու ասաց. «Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր»։ Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։ Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք. բերքը կբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։ Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։