Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

8
Դավթի ռազմական հաղթանակները
(Ա Մն. 18.1-17)
1Դրանից հետո Դավիթը կոտորեց փղշտացիներին և նվաճեց նրանց. և Դավիթը փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման։ 2Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկ մեկ ամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ 3Եվ երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա, կոտորեց Սուբայի թագավոր Ռուբի որդի Ադրաազարին։ 4Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։ 5Դամասկոսի ասորիները եկան Սուբայի թագավոր Ադրաազարին օգնության, և Դավիթը քսաներկու հազար մարդ կոտորեց ասորիներից։ 6Դավիթը բերդապահ զորքեր դրեց Դամասկոսի ասորիների մեջ, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Եվ Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։ 7Դավիթը վերցրեց Ադրաազարի ծառաների ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։ 8Եվ Դավիթ թագավորը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց Ադրաազարի քաղաքներից՝ Բեթահից և Բերոթայից։
9Եվ երբ Եմաթի թագավորը՝ Թովուն, լսեց, որ Դավիթը ջարդել է Ադրաազարի բոլոր զորքերին, 10Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։ 11Դավիթ թագավորը դրանք էլ Տիրոջը նվիրեց իր նվիրած այն արծաթի ու ոսկու հետ, որ նա վերցրել էր իր հաղթած բոլոր ազգերից՝ 12ասորիներից, Մովաբից, Ամմոնի որդիներից, փղշտացիներից, Ամաղեկից և Սուբայի թագավորի՝ Ռուբի որդու՝ Ադրաազարի ավարից։ 13Դավիթը մեծ անուն հանեց, երբ Աղի ձորում տասնութ հազար ասորիներ կոտորեց և վերադարձավ։ 14Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։
15Եվ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. և Դավիթը իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։ 16Եվ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի վրա էր նշանակված, և Աքիղուդի որդի Հոսափատը դիվանադպիր էր, 17և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր, 18և Հովիադայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների վրա էր նշանակված, և Դավթի որդիները նախարարներ էին։

Արդեն Ընտրված.

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք