Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:8-16

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:8-16 ՆՎԱԱ

Եվ հիմա իմ ծառա Դավթին այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի արոտավայրից՝ ոչխարների հետևից, որ իշխան լինես իմ ժողովրդին՝ Իսրայելին։ Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր, և քո առջևից կոտորեցի բոլոր թշնամիներիդ և քո անունը պիտի բարձրացնեմ այս երկրի վրա եղող մեծերի անվան պես։ Եվ Իսրայելի իմ ժողովրդի համար էլ տեղ պիտի որոշեմ և նրան տնկեմ, որ այնտեղ բնակվեն, և այլևս չպիտի շարժվի, և անիրավության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրան, ինչպես եղավ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր. և քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից. և Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։ Երբ քո կյանքի օրերը լրանան, և դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ և նրա թագավորությունը հաստատեմ։ Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։ Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։ Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։ Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան"”»։