Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

4
Հեբուսթեն սպանվում է
1Եվ երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մեռել է Քեբրոնում, ձեռքերը թուլացան, իսկ ամբողջ Իսրայելը տագնապեց։ 2Սավուղի որդին երկու գնդապետ ուներ. մեկի անունը Բաանա էր, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, որոնք Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիներն էին. (որովհետև Բերովթը համարվում էր Բենիամինի երկրի մի մասը։ 3Բերովթացիները փախան Գեթթայիմ և որպես պանդուխտ՝ մինչև այսօր բնակվում են այնտեղ)։ 4Եվ Սավուղի որդի Հովնաթանը երկու ոտքերից հաշմված մի տղա ուներ։ Երբ տղան հինգ տարեկան էր, Սավուղի և Հովնաթանի մահվան լուրը եկավ Հեզրայելից, և նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, և երբ շտապում էր փախչելու, տղան վայր ընկավ ու հաշմվեց։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։ 5Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, եկան և ցերեկվա շոգի ժամանակ մտան Հեբուսթեի տուն, մինչ նա կեսօրին քնած էր անկողնում։ 6Եվ նրանք մտան տուն, իբրև թե ցորեն առնողներ էին, գնացին մինչև տան մեջտեղը և նրան զարկեցին փորից. և Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանան, փախան։ 7Երբ նրանք այսպես մտան տուն, Հեբուսթեն ներսի սենյակում քնած էր իր անկողնում, նրան զարկեցին, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և գլուխը վերցրին ու ամբողջ գիշեր գնացին դաշտի ճանապարհով։ 8Եվ Հեբուսթեի գլուխը տարան Քեբրոն՝ Դավթի մոտ, և թագավորին ասացին. «Ահա քո թշնամու՝ քո հոգին փնտրող Սավուղի որդու՝ Հեբուսթեի գլուխը. Տերն այսօր վրեժխնդիր եղավ Սավուղից և նրա սերնդից մեր տեր թագավորի համար»։ 9Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։ 10Երբ մեկն ինձ պատմեց և ասաց, թե՝ “Ահա Սավուղը մեռավ”, և իրեն թվում էր, թե ավետիս էր բերել, բայց ես փոխանակ ավետիսի վարձ տայի, բռնեցի և սպանեցի նրան Սիկելակում։ 11Որչափ ավելի այն չար մարդկանց պիտի տրվի նույն վարձը, որոնք իր տանը՝ իր անկողնու մեջ, սպանեցին արդար մարդուն. նրա արյունը պիտի պահանջեմ ձեզանից և ձեզ պիտի վերացնեմ երկրից»։ 12Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։

Արդեն Ընտրված.

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում