Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:10-25

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:10-25 ՆՎԱԱ

Դավթի խիղճը տանջեց իրեն ժողովրդի մարդահամարն անելուց հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Ես խիստ մեղանչեցի, որ արեցի այս բանը. հիմա, ո՜վ Տեր, աղաչում եմ, ների՛ր քո ծառայի մեղքը, որովհետև մեծ հիմարություն գործեցի»։ Երբ Դավիթը առավոտյան վեր էր կացել, Տերը խոսեց Գադ մարգարեի՝ Դավթի տեսանողի հետ՝ ասելով. «Գնա՛ և ասա՛ Դավթին. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առաջ. ընտրի՛ր նրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։ Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց նրան և նրան ասաց. «Արդյոք ո՞րը կուզես՝ յոթ տարի սո՞վ լինի քո երկրի մեջ, թե՞ երեք ամիս դու փախչես քո թշնամիներից, և նրանք քեզ հալածե՞ն, կամ թե երեք օր ժանտա՞խտ լինի քո երկրում։ Հիմա մտածի՛ր և որոշի՛ր, թե ես ի՛նչ խոսք տանեմ ինձ ուղարկողին»։ Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռք չընկնեմ»։ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելի վրա՝ առավոտից մինչև որոշված ժամանակը, և Դանից մինչև Բերսաբեե ժողովրդից յոթանասուն հազար մարդ մեռավ։ Հրեշտակն իր ձեռքը մեկնեց դեպի Երուսաղեմ, որ ոչնչացնի այն, բայց Տերը հրաժարվեց այդ չարիքից և ժողովրդին ոչնչացնող հրեշտակին ասաց. «Բավական է. հիմա ձեռքդ ե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։ Երբ Դավիթը տեսավ, որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, ասաց Տիրոջը. «Ահա ես եմ մեղանչել, ես եմ հանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. աղաչում եմ, թող քո ձեռքը ինձ վրա և իմ հոր տան վրա լինի»։ Նույն օրը Գադը գնաց Դավթի մոտ և ասաց նրան. «Վեր կաց գնա՛ և հեբուսացի Ոռնայի կալում զոհասեղա՛ն շինիր Տիրոջ համար»։ Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, ինչպես հրամայել էր Տերը։ Ոռնան նայեց ու տեսավ թագավորին և նրա ծառաներին, որոնք գալիս էին իր մոտ, և Ոռնան դուրս ելավ ու երկրպագեց թագավորին՝ երեսնիվայր խոնարհվելով մինչև գետին։ Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տեր թագավորը իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Եկել եմ, որ կալը քեզանից ծախու առնեմ, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի աղետը դադարի ժողովրդից»։ Ոռնան ասաց Դավթին. «Թող թագավորը վերցնի, ինչ հաճելի է իր աչքին, և զոհ մատուցի. ահա եզները՝ ողջակեզի համար, և կամնասայլերի ու եզների լծասարքը՝ փայտի համար»։ Այս բոլորը, ո՛վ թագավոր, Ոռնան թագավորին տվեց. Ոռնան նաև ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը քեզ ընդունի»։ Բայց թագավորը Ոռնային ասաց. «Ո՛չ, քեզնից ծախու պիտի առնեմ և ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն»։ Եվ Դավիթը հիսուն սիկղ արծաթով գնեց Ոռնայի կալն ու եզները։ Դավիթն այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, ողջակեզ ու խաղաղության զոհեր մատուցեց, և Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և հարվածը դադարեց Իսրայելից։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում