Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը Եվ աղաղակեցի իմ Աստծուն, Եվ նա իր տաճարից լսեց իմ ձայնը, Եվ աղաղակն իմ հասավ նրա ականջին։ Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց, Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին, Քանզի նա բարկացավ։ Ծուխ ելավ նրա քթից, Եվ նրա բերանից՝ ամենակուլ կրակ. Կայծակներ փայլատակեցին նրանից։ Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ, Եվ մեգ կար նրա ոտքերի տակ։ Նա հեծավ քերովբեին ու թռավ Եվ երևաց հողմի թևերի վրա։ Խավարն իր շուրջը ծածկոց դրեց՝ Ջրերի զանգվածը և երկնքի թանձր ամպերը։ Նրա առջևի ճաճանչից Բորբոքվեցին կրակի կայծեր։ Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալը տվեց իր ձայնը։ Նետեր ուղարկեց և դրանք ցրեց, Կայծակներ, և նրանց խուճապի մատնեց։ Տիրոջ հանդիմանությամբ, Նրա բարկության հողմի փչելուց Երևացին ծովի հատակները, Հայտնվեցին երկրի հիմքերը։ Բարձրից ուղարկեց և ինձ բռնեց, Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։ Ինձ ազատեց իմ զորեղ թշնամուց, Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից։ Նրանք ոտքի ելան իմ դեմ իմ նեղության օրը, Բայց Տերը նեցուկ եղավ ինձ համար։ Նա ինձ դուրս բերեց լայնարձակ մի տեղ, Ազատեց ինձ, քանզի հավանեց ինձ։ Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։ Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները Եվ ամբարշտություն չարեցի իմ Աստծու դեմ։ Որովհետև իմ առաջն են նրա բոլոր դատավճիռները, Եվ ես նրա կանոններից չհեռացա։ Նրա առաջ կատարյալ եղա Եվ զգուշացա իմ անօրենությունից։ Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։
Կարդալ Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:7-25
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր