Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:1-51

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:1-51 ՆՎԱԱ

Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը, երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։ Նա ասաց. «Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։ Աստված իմ ժայռն է, և ես նրա մեջ եմ ապաստան գտնում, Իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը, Իմ ազատիչը. դու ես անիրավությունից ազատում ինձ։ Ես կանչում եմ Տիրոջը, որ փառաբանության է արժանի, Եվ պիտի ազատվեմ իմ թշնամիներից։ Քանզի մահվան ալիքներն ինձ պաշարեցին, Կորստյան վտակներն ինձ տագնապեցրին։ Դժոխքի լարերը պատեցին ինձ, Մահվան որոգայթներն իմ առաջն առան։ Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը Եվ աղաղակեցի իմ Աստծուն, Եվ նա իր տաճարից լսեց իմ ձայնը, Եվ աղաղակն իմ հասավ նրա ականջին։ Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց, Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին, Քանզի նա բարկացավ։ Ծուխ ելավ նրա քթից, Եվ նրա բերանից՝ ամենակուլ կրակ. Կայծակներ փայլատակեցին նրանից։ Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ, Եվ մեգ կար նրա ոտքերի տակ։ Նա հեծավ քերովբեին ու թռավ Եվ երևաց հողմի թևերի վրա։ Խավարն իր շուրջը ծածկոց դրեց՝ Ջրերի զանգվածը և երկնքի թանձր ամպերը։ Նրա առջևի ճաճանչից Բորբոքվեցին կրակի կայծեր։ Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալը տվեց իր ձայնը։ Նետեր ուղարկեց և դրանք ցրեց, Կայծակներ, և նրանց խուճապի մատնեց։ Տիրոջ հանդիմանությամբ, Նրա բարկության հողմի փչելուց Երևացին ծովի հատակները, Հայտնվեցին երկրի հիմքերը։ Բարձրից ուղարկեց և ինձ բռնեց, Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։ Ինձ ազատեց իմ զորեղ թշնամուց, Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից։ Նրանք ոտքի ելան իմ դեմ իմ նեղության օրը, Բայց Տերը նեցուկ եղավ ինձ համար։ Նա ինձ դուրս բերեց լայնարձակ մի տեղ, Ազատեց ինձ, քանզի հավանեց ինձ։ Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։ Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները Եվ ամբարշտություն չարեցի իմ Աստծու դեմ։ Որովհետև իմ առաջն են նրա բոլոր դատավճիռները, Եվ ես նրա կանոններից չհեռացա։ Նրա առաջ կատարյալ եղա Եվ զգուշացա իմ անօրենությունից։ Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։ Ողորմած մարդու հետ ողորմած ես, Կատարյալ մարդու հետ կատարյալ ես, Մաքուրի հետ մաքուր ես, Խոտորի հետ հնարագետ ես։ Եվ դու փրկում ես վշտացած ժողովրդին, Աչքերդ պահում ես ամբարտավանների վրա, որ նվաստացնես։ Քանզի դու ես իմ ճրագը, ո՜վ Տեր, Եվ Տերը լուսավորելու է իմ խավարը։ Քանզի քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել Եվ իմ Աստծով կանցնեմ պարսպից։ Աստծու ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը վստահելի է. Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։ Քանզի ո՞վ է Աստված՝ բացի Տիրոջից, Եվ ո՞վ է Վեմ՝ բացի մեր Աստծուց։ Աստված է իմ հզոր բերդը, Որ իմ ճամփան ապահով է դարձնում։ Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը, Եվ ինձ բարձունքների վրա ապահով կանգնեցրեց։ Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում, Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։ Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը, Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։ Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ, Եվ իմ սրունքները չդողդողացին։ Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց, Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց։ Ես ջնջեցի նրանց ու տապալեցի, որ էլ ոտքի չկանգնեն. Նրանք իմ ոտքերի տակ ընկան։ Դու ինձ զորությամբ գոտեպնդեցիր պատերազմելու Եվ իմ դեմ ելնողներին ինձ հնազանդեցրիր։ Իմ թշնամիների թիկունքը դեպի ինձ դարձրիր, Որ ինձ ատողներին ջարդեմ։ Նայեցին, բայց փրկող չկար. Տիրոջը կանչեցին, բայց չպատասխանեց նրանց։ Իսկ ես նրանց փշրեցի երկրի փոշու պես, Ճանապարհի ցեխի պես մանրեցի և տրորեցի նրանց։ Դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի կռվից, Ինձ պահեցիր, որ ազգերի գլուխ լինեմ. Այն ազգը, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ։ Օտարների որդիները խոնարհվեցին ինձ Եվ հնազանդվեցին ինձ՝ իրենց ականջով լսելով։ Օտարների որդիները թուլացան Եվ դողալով դուրս եկան իրենց ապաստաններից։ Կենդանի է Տերը, և Օրհնյալ է իմ Վեմը, Թող բարձրյալ լինի Աստված՝ իմ փրկության Վեմը, Այն Աստվածը, որ վրեժխնդիր է լինում ինձ համար Եվ ժողովուրդներին ինձ ենթարկում։ Եվ որ ազատելով ինձ իմ թշնամիներից՝ Ինձ իմ հակառակորդներից բարձր դրեցիր Եվ ազատեցիր ինձ բռնակալ մարդուց։ Սրա համար, Տե՜ր, քեզ պիտի գովեմ ազգերի մեջ Եվ քո անվանը սաղմոսներ երգեմ, Որ իր թագավորին մեծ հաղթանակներ տվեց Եվ հավիտենապես ողորմություն ցույց տվեց Իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին հավիտյան»։