Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

21
Սավուղի սերունդը դատապարտվում է մահվան
1Դավթի օրոք երեք տարի իրար ետևից սով եղավ. Դավիթը դիմեց Տիրոջը, և Տերն ասաց. «Այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց գաբավոնացիներին»։ 2Թագավորը կանչեց գաբավոնացիներին և խոսեց նրանց հետ (սակայն այս գաբավոնացիները Իսրայելի որդիներից չէին, այլ ամորհացիների մնացորդից էին, և Իսրայելի որդիները երդվել էին նրանց, մինչդեռ Սավուղն ուզում էր կոտորել նրանց՝ Իսրայելի և Հուդայի որդիների նկատմամբ նախանձախնդիր լինելով)։ 3Դավիթն ասաց գաբավոնացիներին. «Ես ի՞նչ անեմ ձեզ, ինչպե՞ս քավություն անեմ, որ դուք օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։ 4Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք Սավուղից և նրա տանից արծաթ կամ ոսկի չենք ուզում և ոչ էլ ուզում ենք, որ մի մարդ սպանվի Իսրայելում»։ Եվ նա ասաց. «Հապա ի՞նչ եք ասում, որ անեմ ձեզ համար»։ 5Նրանք ասացին թագավորին. «Այն մարդը, որը ջարդեց մեզ և որը մտածում էր, որ մենք բնաջնջվենք, և մեզանից ոչ մեկը չմնա Իսրայելի սահմաններում, 6նրա որդիներից մեզ յոթ մարդ թող տրվի, որ նրանց կախենք Տիրոջ համար Տիրոջ ընտրյալ Սավուղի Գաբաայում»։ Եվ թագավորն ասաց. «Ես կտամ»։
7Բայց թագավորը խնայեց Մեմփիբոսթեին՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, Տիրոջ երդումի համար, որ կար Դավթի և Սավուղի որդի Հովնաթանի միջև։ 8Թագավորը վերցրեց Այիայի աղջիկ Ռեսփայի երկու որդիներին՝ Արմոնիին և Մեմփիբոսթեին, որոնց ծնել էր Սավուղի համար, և Սավուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր մաուլացի Բերզելիի որդի Եդրիելի համար, 9նրանց տվեց գաբավոնացիների ձեռքը, և նրանք կախեցին նրանց սարի վրա, Տիրոջ առաջ, և յոթն էլ միասին կորսվեցին այդ օրը։ Նրանք մահվան մատնվեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին։
10Այիայի աղջիկ Ռեսփան վերցրեց քուրձը և իր համար այն փռեց ապառաժի վրա՝ հնձի սկզբից մինչև նրանց վրա երկնքից անձրև գալը, և չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, և ոչ էլ դաշտի գազանները՝ գիշերը։ 11Դավթին ասացին, թե ինչ է արել Սավուղի հարճ Այիայի աղջիկ Ռեսփան։ 12Դավիթը գնաց և վերցրեց Սավուղի ոսկորներն ու նրա որդի Հովնաթանի ոսկորները Գաղաադի Հաբիսի բնակիչներից, որոնք դրանք գողացել էին Բեթսանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին նրանց, երբ Գեղբուեի վրա փղշտացիները սպանել էին Սավուղին։ 13Նա այնտեղից վերցրեց Սավուղի ոսկորները և նրա որդի Հովնաթանի ոսկորները, հավաքեցին նաև կախվածների ոսկորները։ 14Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում, իրենց հոր՝ Կիսի գերեզմանում, և արեցին ամեն ինչ, որ պատվիրել էր թագավորը, և Աստված դրանից հետո ընդունեց երկրի համար արած աղոթքը։
Պատերազմ փղշտացի հսկաների դեմ
(Ա Մն. 20.4-8)
15Դարձյալ պատերազմ ծագեց փղշտացիների և Իսրայելի միջև, և Դավիթն իր ծառաների հետ գնաց, և պատերազմեցին փղշտացիների դեմ, և Դավիթը ուժասպառ եղավ։ 16Եվ Եսբիբենոբը, որ Ռափայի որդիներից էր (նրա նիզակը պղնձի երեք հարյուր սիկղ քաշ ուներ) և ինքն էլ նոր սուր էր կապել մեջքին, ուզում էր սպանել Դավթին։ 17Բայց Շարուհեայի որդի Աբեսսան օգնեց Դավթին, և նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան։ Այդ ժամանակ Դավթի մարդիկ նրան երդվեցին և ասացին. «Մեզ հետ այլևս չպետք է դուրս գաս պատերազմի, որ չհանգցնես Իսրայելի ճրագը»։
18Դրանից հետո փղշտացիների դեմ պատերազմ եղավ Գովբում. այդ ժամանակ ովսացի Սոբաքը սպանեց Սափին, որը Ռափայի որդիներից էր։
19Եվ դարձյալ Գովբում պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և բեթլեհեմցի Արիեորգիմի որդի Էլեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի։
20Եվ դարձյալ պատերազմ եղավ Գեթում. բարձրահասակ մի մարդ կար, որի ձեռքերի և ոտքերի մատները վեց-վեց հատ էին. քսանչորս մատ ուներ։ Նա էլ Ռափայի որդիներից էր։ 21Նա նախատեց Իսրայելին, բայց Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնաթանը սպանեց նրան։ 22Այդ չորսն էլ ծնվել էին Գեթում Ռափայից և սպանվեցին Դավթի ձեռքով ու Դավթի ծառաների ձեռքով։

Արդեն Ընտրված.

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք