Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16
16
Դավիթը և Սիբան
1Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։ 2Թագավորն ասաց Սիբային. «Այդ բաներն ինչո՞ւ ես բերել»։ Եվ Սիբան ասաց. «Էշերը թագավորի տան համար են, որ հեծնեն, հացն ու թուզը պատանիների համար են, որ ուտեն, իսկ գինին անապատում թուլացածների համար է, որ խմեն»։ 3Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։ 4Թագավորն ասաց Սիբային. «Ահա քեզ լինի այն ամենը, ինչ որ Մեմփիբոսթեինն է»։ Սիբան ասաց. «Շնորհակալ եմ#16.4 Կամ խոնարհություն եմ անում։, տե՛ր իմ թագավոր, թող շնորհ գտնեմ քո աչքի առաջ»։
Դավիթը և Սեմեին
5Դավիթ թագավորը եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից դուրս եկավ Սավուղի ազգականներից մի մարդ՝ անունը Սեմեի՝ Գերայի որդին. դուրս գալով անիծում էր, 6քարեր էր գցում Դավթի վրա և Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, իսկ ամբողջ զորքը և բոլոր քաջ մարդիկ թագավորի աջ ու ձախ կողմերում էին։ 7Սեմեին իր անեծքում այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, ո՛վ արյունահեղ մարդ, ո՛վ անպետք մարդ։ 8Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։ 9Շարուհեայի որդի Աբեսսան ասաց թագավորին. «Ինչո՞ւ է անիծում այս սատկած շունը իմ տեր թագավորին. թող գնամ և գլուխը կտրեմ»։ 10Բայց թագավորն ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհեայի՛ որդիներ. թող անիծի. որովհետև Տերն է ասել նրան. “Անիծի՛ր Դավթին”։ Եվ ո՞վ կասի նրան. “Ինչո՞ւ ես այդպես անում”»։ 11Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։ 12Գուցե Տերը նայի իմ նեղությանը և Տերն ինձ բարիք հատուցի այսօր նրա անեծքի փոխարեն»։ 13Եվ Դավիթն ու իր մարդիկ գնացին ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր սարի փեշով, գնում էր նրան մոտիկ և անիծում, քարեր էր գցում նրա կողմը և հող շաղ տալիս նրա վրա։ 14Եվ եկավ թագավորը, ու նրա հետ եղած հոգնած ամբողջ ժողովուրդը, և հանգստացան այնտեղ։
Աբիսողոմը Երուսաղեմում
15Մինչ այդ Աբիսողոմն ու ամբողջ ժողովուրդը, բոլոր իսրայելացիները եկան Երուսաղեմ. նրանց հետ էր Աքիտոփելը։ 16Եվ երբ արաքացի Քուսին՝ Դավթի բարեկամը, եկավ Աբիսողոմի մոտ, Քուսին ասաց Աբիսողոմին. «Կեցցե՜ արքան, կեցցե՜ արքան»։ 17Աբիսողոմն ասաց Քուսիին. «Դա՞ է բարեկամիդ նկատմամբ ունեցած ազնվությունդ. ինչո՞ւ չես գնացել բարեկամիդ հետ»։ 18Քուսին ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, այլ ում որ հավանի Տերը, և այս ժողովուրդն ու Իսրայելի բոլոր մարդիկ, ես կլինեմ նրանը և կմնամ նրա հետ։ 19Երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես ծառայել եմ քո հոր առաջ, այնպես էլ կլինեմ քո առաջ»։
20Եվ Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՛նչ անենք»։ 21Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Մտի՛ր քո հոր հարճերի մոտ, որոնց նա թողել է տունը պահելու, և ամբողջ Իսրայելը կլսի, որ դու ատելի ես հորդ համար, և բոլոր քեզ հետ եկողների ձեռքերը կուժեղանան»։ 22Ուստի Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վրա, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ մտավ իր հոր հարճերի մոտ։ 23Աքիտոփելի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, նման էր նրան, ինչպես որ մեկը Աստծու խոսքը հարցներ։ Այդպիսին էր Աքիտոփելի խորհուրդը թե՛ Դավթի և թե՛ Աբիսողոմի համար։
Արդեն Ընտրված.
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018