Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:13-31

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:13-31 ՆՎԱԱ

Մի լրաբեր եկավ Դավթի մոտ և ասաց. «Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է»։ Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։ Թագավորի ծառաներն ասացին թագավորին. «Ամեն ինչի, որ բարեհաճում է մեր տեր թագավորը, ահա մենք՝ քո ծառաները, պատրաստ ենք»։ Թագավորը դուրս եկավ, և նրա ամբողջ տունը՝ նրա ետևից, և թագավորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։ Թագավորը դուրս եկավ, և ամբողջ ժողովուրդը՝ նրա ետևից, և կանգ առան Բեթ-Համերհագում։ Եվ նրա բոլոր ծառաներն անց էին կենում նրա կողքով. բոլոր քերեթիները և բոլոր փելեթիները, բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից եկել էին նրա ետևից, անցնում էին թագավորի առջևից։ Եվ թագավորն ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ. ե՛տ դարձիր և մնա՛ թագավորի մոտ, որովհետև դու օտարական և տարագիր ես քո տեղում։ Քո գալը դեռ երեկ էր, մի՞թե այսօր քեզ տեղից հանեմ, որ գաս մեզ հետ. թող ես գնամ, ուր որ գնում եմ, դու ե՛տ դարձիր և քո եղբայրներին էլ ե՛տ դարձրու. թող ողորմածություն և ճշմարտություն լինի քեզ հետ»։ Եթթին պատասխանեց թագավորին և ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր թագավորը, որ այնտեղ, ուր լինի իմ տեր թագավորը՝ թե՛ մեռած և թե՛ կենդանի, քո ծառան էլ այնտեղ պիտի լինի»։ Դավիթն ասաց Եթթիին. «Եկ անցի՛ր»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր մարդկանց ու նրանց բոլոր երեխաների հետ։ Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով, մինչ անց էր կենում ամբողջ ժողովուրդը. թագավորն անց կացավ Կեդրոնի հեղեղատով, և ամբողջ ժողովուրդն անց էր կենում անապատ տանող ճանապարհով։ Ահա և երևաց Սադովկը, և նրա հետ՝ բոլոր ղևտացիները, որ տանում էին Աստծու ուխտի տապանակը. և նրանք կանգնեցրին Աստծու տապանակը, իսկ Աբիաթարը վեր գնաց, մինչև որ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։ Եվ թագավորն ասաց Սադովկին. «Աստծու տապանակը վերադարձրո՛ւ քաղաք. եթե ես շնորհ եմ գտել Տիրոջ աչքի առաջ, նա ետ կդարձնի ինձ և ինձ տեսնել կտա այն ու նրա բնակարանը։ Բայց եթե նա այսպես ասի, թե՝ “Ես քեզ չեմ հավանում”, ահա ես. թող նա ինձ անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Թագավորը նաև ասաց Սադովկ քահանային. «Ո՛վ տեսանող, խաղաղությամբ վերադարձի՛ր քաղաք, և քո որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները՝ ձեզ հետ։ Տեսե՛ք, ես սպասելու եմ անապատի դաշտերում, մինչև որ ձեզանից մի լուր իմանամ»։ Եվ Սադովկն ու Աբիաթարը Աստծու տապանակը վերադարձրին Երուսաղեմ, և իրենք էլ մնացին այնտեղ։ Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։ Եվ Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Աքիտոփելը ապստամբների հետ է, Աբիսողոմի մոտ»։ Եվ Դավիթն ասաց. «Աղաչում եմ, ո՜վ Տեր, Աքիտոփելի խորհուրդը ձախողի՛ր»։