Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:1-32

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:1-32 ՆՎԱԱ

Շարուհեայի որդի Հովաբն իմացավ, որ թագավորի սիրտը դարձել է դեպի Աբիսողոմը։ Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի խելացի կին վերցրեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, քեզ սգավո՛ր ձևացրու և սգո զգե՛ստ հագիր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր մի այնպիսի կին, որ շատ օրերից ի վեր սգավոր է իր մեռելի համար։ Գնա՛ թագավորի մոտ և նրա հետ այսպե՛ս խոսիր». և Հովաբը նրա բերանը խոսքեր դրեց։ Թեկուացի կինը եկավ թագավորի մոտ, երեսնիվայր ընկավ գետին, երկրպագեց և ասաց. «Օգնի՛ր, թագավո՛ր»։ Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել քեզ»։ Կինն ասաց. «Ես որբևայրի կին եմ, ամուսինս մեռել է։ Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։ Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։ Թագավորն ասաց կնոջը. «Գնա՛ քո տուն, ես կպատվիրեմ քո մասին»։ Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։ Թագավորն ասաց. «Եթե քեզ բան ասող լինի, նրան բե՛ր ինձ մոտ, և այլևս քեզ չի դիպչի»։ Կինն ասաց. «Աղաչում եմ, թող թագավորը հիշի իր Տեր Աստծուն, որ ապականելու համար չշատանան արյան վրեժխնդիրները և չսպանեն իմ որդուն»։ Եվ թագավորն ասաց. «Կենդանի է Տերը, որ քո որդու գլխից մի մազ էլ գետին չի ընկնի»։ Այն ժամանակ կինն ասաց. «Թող քո աղախինը մի խոսք էլ խոսի իր տեր թագավորի հետ»։ Եվ նա ասաց. «Խոսի՛ր»։ Եվ կինն ասաց. «Հապա ինչո՞ւ ես այդպիսի բան ծրագրում Աստծու ժողովրդի դեմ. և այս բանը խոսելով՝ թագավորն իրեն հանցավոր է դարձնում, քանի որ չի վերադարձնում իր աքսորածին։ Մենք անշուշտ պիտի մեռնենք, ինչպես գետնին թափված ջուրը, որ էլ չի հավաքվելու։ Բայց Աստված չի ուզում հոգին առնել, այլ միջոցներ է խորհում, որ իրենից աքսորվածը աքսորված չմնա։ Եվ հիմա եկա այս խոսքը իմ տեր թագավորի հետ խոսելու, որովհետև ժողովուրդը վախեցնում է ինձ, և քո աղախինը մտածեց. “Կխոսեմ թագավորի հետ, գուցե թագավորը կատարի իր աղախնի խնդրանքը”։ Քանզի թագավորը պիտի լսի և իր աղախնին ազատի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն ոչնչացնել Աստծու ժառանգությունից։ Եվ քո աղախինը մտածեց. “Թող իմ տեր թագավորի խոսքը մխիթարություն լինի, որովհետև իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի, որը հասկանում է ամեն բան՝ բարին և չարը, և թող քո Տեր Աստվածը քեզ հետ լինի”»։ Թագավորը պատասխանեց և ասաց այդ կնոջը. «Ինձնից ոչ մի բան մի՛ թաքցրու, ինչ հարցնեմ քեզ»։ Եվ կինն ասաց. «Թող իմ տեր թագավորը հարցնի»։ Եվ թագավորն ասաց. «Արդյոք այս բոլոր բաների մեջ խառը չէ՞ Հովաբի ձեռքը»։ Եվ կինը պատասխանեց ու ասաց. «Կենդանի է քո անձը, տե՛ր իմ թագավոր, որ ոչ ոք չի խոտորվի աջ կամ ձախ այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը, որովհետև քո ծառա Հովաբն է ինձ պատվիրել, և նա է այս բոլոր խոսքերը դրել քո աղախնի բերանը։ Քո ծառա Հովաբն այս բանն արել է գործի ընթացքը փոխելու նպատակով։ Սակայն իմ տերը իմաստուն է Աստծու հրեշտակի իմաստնության նման, և նա իմանում է ամեն բան, ինչ կա երկրի վրա»։ Ապա թագավորն ասաց Հովաբին. «Ահա այս բանն արեցի. գնա՛ և ե՛տ բեր Աբիսողոմ պատանուն»։ Եվ Հովաբը երեսի վրա ընկավ գետին, երկրպագեց և օրհնեց թագավորին. և Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ եմ գտել քո աչքի առաջ, տե՛ր իմ արքա, քանի որ թագավորը կատարեց իր ծառայի խոսքը»։ Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Գեսուր և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ։ Եվ թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն և իմ երեսը չտեսնի»։ Եվ Աբիսողոմը վերադարձավ իր տուն և թագավորի երեսը չտեսավ։ Ամբողջ Իսրայելում Աբիսողոմի պես գեղեցիկ մարդ չկար. նրան շատ էին գովում. ոտքի թաթից մինչև գլխի գագաթը նա ոչ մի արատ չուներ։ Երբ նա ածիլում էր իր մազերը (նա ամեն տարվա վերջին ածիլում էր մազերը, որովհետև ծանր էին լինում նրա համար), նրա գլխից կտրած մազերի ծանրությունը լինում էր երկու հարյուր սիկղ՝ թագավորական կշեռքով կշռած։ Եվ Աբիսողոմին ծնվեցին երեք որդի և մեկ աղջիկ՝ անունը Թամար, որը տեսքով գեղեցիկ կին էր։ Եվ Աբիսողոմը երկու տարի մնաց Երուսաղեմում, բայց թագավորի երեսը չտեսավ։ Հետո Աբիսողոմը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ նրան ուղարկի թագավորի մոտ, բայց Հովաբը չուզեց գնալ նրա մոտ։ Նա երկրորդ անգամ էլ ուղարկեց, բայց նա չուզեց գնալ։ Նա ասաց իր ծառաներին. «Տեսե՛ք, Հովաբի արտը իմ արտի մոտ է, նա այնտեղ գարի ունի. գնացե՛ք և կրակի՛ տվեք այն»։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակի տվեցին։ Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Աբիսողոմի տուն և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները իմ արտը կրակի տվել»։ Եվ Աբիսողոմը պատասխանեց Հովաբին. «Ահա քեզ մոտ մարդ ուղարկեցի և ասացի. “Ե՛կ այստեղ”, որ քեզ ուղարկեմ թագավորի մոտ, որ նրան ասես. “Ես ինչո՞ւ եկա Գեսուրից, որ ինձ համար ավելի լավ կլիներ, որ դեռ այնտեղ լինեի. հիմա ես ուզում եմ տեսնել թագավորի երեսը, և եթե ես հանցանք ունեմ, թող այն ժամանակ ինձ սպանի”»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:1-32 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում