Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:15-31

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:15-31 ՆՎԱԱ

Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։ Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։ Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։ Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։ Եվ Դավիթը տեսավ, որ իր ծառաները շշուկով խոսում են իրար հետ, և Դավիթը հասկացավ, որ երեխան մեռել է. և Դավիթն ասաց իր ծառաներին. «Արդյոք երեխան մեռե՞լ է»։ Եվ նրանք ասացին. «Մեռել է»։ Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեց ուտել. նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։ Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։ Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի, գուցե Տերը գթա ինձ, և մանուկը ապրի”։ Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ»։ Դավիթը մխիթարեց Բերսաբեին՝ իր կնոջը, և մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ, և կինը մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սողոմոն. և Տերը սիրեց նրան։ Եվ Նաթան մարգարեի միջոցով պատգամ ուղարկեց, և նրա անունը Հեդիդեա դրեց՝ հանուն Տիրոջ։ Հովաբը Ռաբբայում պատերազմում էր Ամմոնի որդիների դեմ և վերցրեց թագավորանիստ քաղաքը։ Եվ Հովաբը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ռաբբայի դեմ պատերազմեցի, ջրերի քաղաքը վերցրի։ Հիմա հավաքի՛ր մնացած զորքին, եկ բանա՛կ դիր քաղաքի դեմ և վերցրո՛ւ այն, որպեսզի ես չվերցնեմ քաղաքը, և իմ անունը չհիշվի նրա վրա»։ Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին և գնաց Ռաբբա, պատերազմեց նրա դեմ և վերցրեց այն։ Եվ նրանց թագավորի գլխից վերցրեց նրա թագը, որի կշիռը մի տաղանդ ոսկի էր, և թանկարժեք քարերով էր զարդարված, և Դավթի գլխին դրվեց. և խիստ շատ ավար բերեց այդ քաղաքից։ Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։