Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:1-23

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:1-23 ՆՎԱԱ

Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ, և նա եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։ Հարուստը չափազանց շատ հոտեր ու արջառներ ուներ։ Իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա հետ և նրա որդիների հետ միասին. ուտում էր նրա պատառից և նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում և նրա համար աղջկա պես էր։ Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որ կերակուր պատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։ Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։ Եվ այդ գառան համար պետք է քառապատիկ հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ»։ Այն ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Այն մարդը դու ես։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքից. քեզ տվեցի քո տիրոջ տունը և քո ծոցը դրեցի քո տիրոջ կանանց և քեզ տվեցի Իսրայելի և Հուդայի տունը, և եթե այս բոլորը քիչ էին, այն ժամանակ կրկնակին կավելացնեի։ Ինչո՞ւ անարգեցիր Տիրոջ խոսքը և չարիք գործեցիր նրա աչքի առաջ. սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ համար կին առար, իսկ նրան սպանեցիր Ամմոնի որդիների սրով։ Եվ ահա սուրը հավիտյան չի հեռանա քո տանից, քանի որ անարգեցիր ինձ և քետացի Ուրիայի կնոջն առար, որ քեզ համար կին լինի”։ Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։ Թեև դու ծածուկ արեցիր, բայց ես այս բանը պիտի անեմ ամբողջ Իսրայելի առաջ և արեգակի առաջ”»։ Եվ Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Եվ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը. դու չես մեռնի, բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։ Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։ Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։ Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։ Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։ Եվ Դավիթը տեսավ, որ իր ծառաները շշուկով խոսում են իրար հետ, և Դավիթը հասկացավ, որ երեխան մեռել է. և Դավիթն ասաց իր ծառաներին. «Արդյոք երեխան մեռե՞լ է»։ Եվ նրանք ասացին. «Մեռել է»։ Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեց ուտել. նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։ Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։ Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի, գուցե Տերը գթա ինձ, և մանուկը ապրի”։ Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ»։