Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1-18

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1-18 ՆՎԱԱ

Սավուղի մեռնելուց հետո, երբ Դավիթը վերադարձավ ամաղեկացիներին ջարդելուց, երկու օր մնաց Սիկելակում։ Երրորդ օրը ահա Սավուղի բանակից մեկը եկավ՝ հագուստները պատառոտած ու գլխին հող, և երբ նա եկավ Դավթի մոտ, ընկավ գետին և երկրպագեց։ Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա ասաց նրան. «Ես փախել եմ Իսրայելի բանակից»։ Եվ Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Եվ նա ասաց. «Զորքը փախավ պատերազմի դաշտից, և զորքից շատ մարդիկ ընկան ու մեռան. նաև Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։ Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն հարցրեց. «Ինչպե՞ս իմացար, թե Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։ Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։ Այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ և ինձ կանչեց, ես էլ ասացի. “Ահա ես”։ Եվ նա ինձ ասաց. “Ո՞վ ես դու”։ Ես էլ նրան ասացի. “Ամաղեկացի եմ”։ Եվ նա ինձ ասաց. “Աղաչում եմ, կանգնի՛ր ինձ վրա և մեռցրո՛ւ ինձ, որովհետև մահվան տագնապը պատել է ինձ, բայց հոգիս դեռ վրաս է”։ Ես կանգնեցի նրա վրա ու մեռցրի նրան, քանի որ հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չէր ապրելու։ Նրա գլխից վերցրի թագը և նրա բազկից՝ ապարանջանն ու դրանք բերի այստեղ՝ իմ տիրոջ համար»։ Այդ ժամանակ Դավիթը բռնեց իր հագուստները և պատառոտեց դրանք, նույնպես էլ արեցին նրա հետ եղած բոլոր մարդիկ։ Եվ նրանք սգացին ու լաց եղան և մինչև իրիկուն ծոմ պահեցին Սավուղի համար և նրա որդի Հովնաթանի համար, Տիրոջ ժողովրդի համար և Իսրայելի տան համար, որ նրանք ընկել էին սրով։ Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն ասաց. «Որտեղացի՞ ես դու»։ Եվ նա ասաց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»։ Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպե՞ս չվախեցար, որ ձեռքդ բարձրացրիր ու սպանեցիր Տիրոջ օծյալին»։ Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։ Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը՝ քո գլուխը, որովհետև քո բերանը վկայություն տվեց քո դեմ՝ ասելով. “Ես մեռցրի Տիրոջ օծյալին”»։ Եվ Դավիթը ողբաց Սավուղի վրա ու նրա որդի Հովնաթանի վրա և ասաց «Աղեղը» ողբը. Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում).

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում